ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԹԱՏՐՈՆ, 1868-ին Վ. Շահխաթունյանի նախաձեռնությամբ Վաղարշապատում կազմակերպվել են ներկայացումներ՝ տեղի թատերասերների և Երևանի թատերախմբի ուժերով: Ներկայացումներ են տրվել նաև Գևորգյան ճեմարանում: Իրենց բեմադրություններով Վաղարշապատի թատրոնի զարգացմանը նպաստել են Ա. Սագինյանը, Փ. Նավասարդյանը, Լ. Մանվելյանը: Ճեմարանի թատրոնի բացմանը (1907) ներկայացվել են Կոմիտասի «Քաղաքավարության վնասները» օպերետը, Մոլիերի «Սկապենի արարքները»: Վաղարշապատում ելույթներ են ունեցել Հ. Աբելյանի, Սիրանույշի ղեկավարած և այլ թատերախմբեր: 1937-ին կազմակերպվել է պետական թատրոն (ղեկ ՝ Ա. Խոսրով). խաղացանկում՝ Սունդուկյանի «Պեպո», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շիրվանզադեի «Պատվի համար», Սիմոնովի «Ռուս մարդիկ», Վաղարշյանի «Վանքաձոր» ևն: Թատրոնի զարգացմանը նպաստել են Ե. Յուզբաշյանը, Ա. Վաչյանը, Ռ. Վանյանը, Լ. Տանյանը, Խ. Ներսիսյանը, Բ. Բժիկյանը, Արտ. Վրույրը, Ց. Սողոմոնյանը, Գ. Ստամբոլցյանը, Ա. Բարսեղյանը և ուր.: 1949-ին Վաղարշապատի թատրոնը և  Ա. Խարազյանի անվ. թատրոնը միավորվել են և անվանվել Էջմիածնի Ա. Խարազյանի անվ. պետական թատրոն: Թատերախմբում էին՝ Ամո  և Աշխեն Խարազանները, Գ. Ջանոյանը, Վ. Փանոյանը, Հ. Մանվելյանը, Վ. Բեգիջանյանը և. ուր., խաղացանկում՝ Ն. Զարյանի «Աղբյուրի մոտ», Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա», Շիրվանզադեի «Չար ոգի», Գորկու «Վասսա Ժելեզնովա» ևն: Թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Վ. Փափազյանը, Հ. Ներսիսյանը, Ա. Ավետիսյանը, Ա. Ոսկանյանը, Գ. Ջանիբեկյանը, Մ. Մանվելյանը և ուր.: Թատրոնը փակվել է և 1952-ից գործել որպես ինքնագործ թատերախումբ, 1959-ից՝ էջմիածնի ժողովրդական թատրոն, 1990-ից՝ էջմիածնի դրամատիկական թատրոն, 1995-ից՝ Վաղարշապատի Շ. Ազնավուրի անվան դրամատիկական թատրոն:

 

Աղբյուրը՝  «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 565:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am