ԹՈՐԱՄԱՆՅԱՆ Թորոս Հարությունի (18.3. 1864, Շապին-Գարահիսար - 1.3.1934, Երևան), ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրը: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933): Սովորել է Կ. Պոլսի գեղարվ-ից վարժարանի ճարտարապետության բաժնում (1888-93): Աշխատել է որպես նախագծող ճարտարապետ: 1895- ին մեկնել է Բուլղարիա, 1900-ին տեղափոխվել Ռումինիա: Եղել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, 1902-ին՝ Փարիզում, 1903-ին (բանասեր Կ. Բասմաջյանի հետ)՝ Անիում՝ ճարտարապետական հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ: 1904-ի գարնանից Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, 1905-ին ավարտել Զվարթնոց եռաստիճան տաճարի վերակազմության նախագիծը՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, և հրատարակելով «Զվարթնոց եկեղեցին» (1905)՝ հիմք դրել հայակական ճարտարապետական գիտական գրականությանը: 1904-12-ին Անիում մասնակցել է Ն. Մառի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է հուշարձանները, ստեղծել վերակազմության նախագծեր: Թորամանյանի աշխատությունները («էջմիածնի տաճարը», 1909, ռուս., 1910, հայ., «Տեկորի տաճարը», 1911 ևն), ըստ 1912-ի Կայսեր, հնագիտության հանձնաժողովի, համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ առաջ են բերել հեղաշրջում: Եվրոպական գիտությունը, որը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը, շնորհիվ Թորամանյանի աշխատությունների՝ ճանաչել է հայ հին ճարտարապետության գոյությունը: 1913-ին Թորամանյանը մասնակցել է Վիեննայի համալսարանի գիտական նստաշրջանին և արվեստի լավագույն աշխատանքի համար արժանացել գլխավոր մրցանակին: ՆրաՄարտիրոս Սարյան - Ճարտարապետ Թորոս Թորամանյանի դիմանկարը ուղարկած 1000-ից ավելի գծագրերի ուսումնասիրությունների (նաև անտիպ) և այլ նյութերի հիման վրա Յո. Ստրժիգովսկին Վիեննայում 1918-ին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը՝ առաջաբանում նշելով Թորամանյանի մասնակցությունը: 1914-18-ին կորսված (նաև Վիեննայում) հրատարակության պատրաստ Թորամանյանի 10-ից ավելի աշխատություններն ու մեծաթիվ այլ նյութեր հնարավորինս վերականգնվել են «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» (կազմ.՝ Կ. Ղաֆադարյան, [հ.] 1-2, Ե., 1942-48) գրքում: Արլ. Հայաստանի սահմանափակ տարածքի նյութերով Թորամանյանը կարողացել է հայտնագործել հայ ճարարապետության պարբերացումը, ծագման ակունքները, փոխազդեցությունները և զարգացման գրեթե բոլոր փուլերի հատկանիշները, ոճական ամբողջականությունը՝ հայկական ճարտարպատությանը բերելով միջազգային ճանաչում: Նրա գործերը սկզբնաղբյուր են դարձել ուսումնասիրողների համար: ՀՀ ԳԱ 1969-ին սահմանել է Թորամանյանի անվան մրցանակ, որը շնորհվում է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված լավագույն աշխատությունների հեղինակներին:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 439-440:
 

Տե՛ս նաև՝

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության /աշխատություների ժողովածու/, Երևան:

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության /աշխատությունների երկրորդ ժողովածու/, Երևան, 1948 թ.:

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 2013 թ.:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am