ՍՐԲԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, կրոնական  թեմաներով և  սյուժեներով եկեղեցական-պաշտամունքային նկարչության տեսակ միջին դարերում: Ի տարբերություն որմնանկարչության և մանրանկարչության՝ սրբանկարչության ստեղծագործությունները՝ սրբապատկերները, գեղանկարչական առանձին հորինվածքներ են՝ սկզբում մոմաներկերի, խճանկարի, ապա՝ հիմնականում տեմպերայի, XVIII դ-ից՝յուղաներկերի տեխնիկայով՝ փայտե տախտակի, կտավի, սակավ՝ մետաղե թերթերի ևնի վրա: Դրանով սրբանկարչությունը մոտենում է հաստոցային  գեղանկարչությանը, սակայն ոչ ամբողջովին, քանի որ համադրվել Է նաև ճարտարապետական, դեկորատիվ արվեստներին: Սրբանկարչության հնագույն, պահպանված նմուշները Առաջավոր Ասիայից են (VI դ), զարգացած է եղել Բյուզանդիայում, մեծապես ազդել այլ երկրների արվեստների վրա: Միջնադարյան Հայաստանում սրբանկարչության գոյության և արվեստի մասին գրել են եկեղեցու հայրերը, մատենագիրները (Մովսես Խորենացի, Վրթանես Քերթող, Մովսես Կաղանկատվացի, Ներսես Շնորհալի և ուր.): Սակայն միջնադարյան հաստոցային  սրբանկարչության ոչ մի նմուշ մեզ չի հասել: Այդ արվեստի շքեղ գլուխգործոցներով հարուստ է հայկական մանրանկարչությունը, առանձին հատվածներ պահպանվել են որմնանկարչության մեջ: Հայ կերպարվեստում XVII-XVIII դդ. ստեղծվել են սրբանկարչության բազմաթիվ օրինակներ: XX դ. բարձրարվեստ սրբապատկերներ են ստեղծել Վ. Սուրենյանցը, Գ. Շլդյանը, Գ. Խանջյանը և ուրիշներ:


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am