ՇԵԼՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, հին աշելյան մշակույթ, աբբեվիլյան մշակույթ, վաղ հին քարի դարի հնագիտական մշակույթ Եվրոպայում, Աֆրիկայում, Հվ-Արմ. և Հվ. Ասիայում, նաև՝ Հայաստանում: Անվանումն ստացել է հիշյալ մշակույթին պատկանող նյութերի առաջին հայտնագործության (1846-ին) վայրից՝ ֆրանսիական Շել քաղաքից (Փարիզի մերձակայքում): Վերաբերում է նախնադարյան համայնական հասարակարգի սկզբնական դարաշրջանին: Ունի 800-300 հզ. տարվա վաղեմություն: Շելյան մշակույթին բնորոշ են պարզունակ, խոշոր և կոպիտ գործիքները: Գործածվել են նաև ջարդող (չոպպերներ) և հատող (չոպպինգներ) այլ գործիքներ: Շելյան մշակույթի կրողները՝ արխանթրոպոսները (պիթեկանթրոպոս, սինանթրոպոս ևն), ծանոթ են եղել կրակին, բնակվել են բաց կայաններում ու անձավներում, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ: Հայաստանում առաջին անգամ Շելյան մշակույթի գործիքներ հայտնաբերվել են 1943-45-ին՝ Մրտենի (Արտին լ.) Սատանի դար կոչվող բլրի վրա (հետազոտվել է 1945-49-ին):


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Սարդարյան Ս. Հ., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967:

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am