ՇԵՅԹԱՆԴԱՂ, բրոնզի ու երկաթի դարերի դամբարանադաշտ համանուն լեռան հս. լանջին (ՀՀ Լոռու մարզում՝ Այրում կայարանից արմ.): 1887—88-ին Շեյթանդաղում պեղումներ է կատարել ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը և պեղումների արդյունքներն ուղարկել Փարիզի Տրոկադերո ազգագրական թանգարան: Պեղվել է 138 դամբարան: Դրանք 4 սալերից կազմված քառանկյուն արկղեր են՝ ծածկված մեկ կամ մի քանի խոշոր սալաքարերով, երբեմն՝ քարակամարով: Որոշ նոր գերեզմաններ կառուցվել են հների վրա՝ դրանց ծածկը դարձնելով հատակ: Հանգուցյալներին հողով չեն ծածկել: Յուրաքանչյուր դամբարանում եղել են մեկ կմախք և զանազան առարկաներ: Շեյթանդաղից հայտնաբերվել են հիմնականում բրոնզե, նաև երկաթե առարկաներ (նիզակներ, դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ, գինդեր, ապարանջաններ, գնդասեղներ, գոտի ևն), արծաթե մանյակ, կավե կճուճներ ու սափորներ:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Լալայան Ե., Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում, Ե., 1931:

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am