ՇԱՐԱԿԱՆ, հայ միջնադարյան հոգևոր երգ, օրհներգություն: Երգվում է եկեղեցական տոների ժամանակ: Յուրաքանչյուր տոն ունի երգերի առանձին շարք, որից էլ՝շարական  անունը: Այսպես է կոչվում և՛առանձին երգը, և՛ բոլոր երգերը պարունակող ժողովածուն: Վերջինս կոչվում է նաև Շարակնոց:  Շարականներն ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով, V-XV դդ.: Առաջին շարականագիրներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին:

Հնագույն շարականները շարադրվել են ազատ տաղաչափությամբ: Չափածո շարականների զարգացմանը նպաստել է հատկապես Ներսես Շնորհալին: Սկզբնական շրջանում շարականների մուտքը եկեղեցի եղել է ա զատ: VIII դ. սկսած սահմանվել է ժամերգության պաշտոնական երգացանկ՝ կանոն, որից դուրս մնացած շարականները կոչվել Են անվավեր կամ պարականոն շարականներ: Թեև կանոնի ներմուծման փորձ արել է Բարսեղ ճոնը («ճոնընտիր», VII դ.), սակայն կանոնի վավերացումը (VIII դ.) կապվում է Ստեփանոս Սյունեցու անվան հետ: Նշանավոր շարականագիրներ են նաև Հովհաննես Ա Մանդակունին, Սահակ Գ Ձորոփորցին, Անանիա Շիրակացին, Սահակդուխտը, Հովհան Օձնեցին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Պետրոս Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Լամբրոնացին, Խաչատուր Տարոնացին, Գրիգոր Սկևռացին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Կիրակոս Երզնկացին և այլք: Համաքրիստոնեական բնույթի շարականներից բացի, կան նաև զուտ հայ կյանքին վերաբերողներ, որոնցում փառաբանվում են ազգային գործերն ու գործիչները: Ներսես Շնորհալու «Յիշեսցուք» և «Զարթիք» հայրենասիրական երգերը նախապես գրվել են Հռոմկլա բերդի պահապան հայ զինվորների համար և միայն հետագայում են երգվել եկեղեցում: Շարականների համբավը տարածված է եղել նաև Բյուզանդիայով, իսկ XVIII դարից դրանք թարգմանվել են լատիներեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլն:

Շարականների եղանակները մեզ են հասել խազային, նոր հայկական և գծային նոտագրությամբ: Խազագրված շարակնոցները լրիվ վիճակում պահպանվել են XIII—XIX դդ. բազմաթիվ գրչագրերով (առանձին պատառիկները մինչև X դ. հնություն ունեն) և դեռևս լրիվ չեն կարդացվում: Բանավոր ավանդումով նոր հայկական ձայնագրությամբ իրականացված գրառումներից լրիվ և տպագրված են Ն. Թաշճյանինը և Ե. Տնտեսյանինը՝. Գծային նոտագրությամբ լրիվ շարակնոց գրի է առել Ղ. Տայյանը՝. շարականների եղանակները հորինվել են միջնադարյան հայ երաժշտության ձայնեղանակներով (ութձայն և Երկու «ստեղի»), որոնցից յուրաքանչյուրում, բացի որոշակի ձայնակարգից, պահանջվում էր կիրառել նաև ձայնեղանակի ծավալման որոշակի հաստատուն կերպեր (տես  Ութձայն): Շարականների եղանակների համեմատաբար լավ պահպանված լինելը Կոմիտասը բացատրել է նրանով, որ այդ եղանակները գործածվել են պարտադիր, բայց սահմանափակ կերպով:

Ըստ մեղեդիական կերտվածքի՝ շարականները երեք հիմնական տեսակի են. վանկաչափական կամ սաղմոսերգական (խոսքի մեկ վանկը երգվում է մեկ հնչյունով, բնորոշ նմուշ է Մեսրոպ Մաշտոցի «Անկանիմ առաջի քո» ապաշխարության ժարական), ներվանկային եղանակավորում պարունակող (օր.՝ Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարական) և ծորերգային, զարդոլորուն (օր.՝Վահան Գողթնացուն նվիրված, VIII դ. հորինված «Զարմանալի է ինձ» ոդբ- շարական և Ներսես Շնորհալու «Ողորմութեւսնց բաշխող» աղաչական բնույթի շարական, որի մեղեդիում հնչում են նաև «Կռունկ, ուստի կուգաս» հանրահայտ տաղի ելևէջներ): Համեմատաբար լավ պահպանված են վանկաչափական  և ներվանկային եղանակավորում պարունակող շարականները: Անկախ մեղեդիական կերտվածքից, ձևից ու բովանդակությունից, շարականները կատարվում են ազատ չափով՝ պարզ կամ կրկնակի ձայնառության ուղեկցությամբ: Ծորուն շարականները մեներգվում են:

Շարականների լավագույն նմուշները, դրանցում դրսևորված երաժշտական մտածելակերպի հստակության, ընդհանուր պարզության և բազմաբովանդակության շնորհիվ օժտված են գեղարվեստական ակնառու արժանիքներով: Միաժամանակ դրանք հայ միջնադարյան մոնոդիկ երաժշտության մեջ գործադրված արտահայտչամիջոցների ու ձևակառուցողական հնարների մի յուրատեսակ անթոլոգիա են, տեսականորեն և գործնականորեն արտացոլում են այդ արվեստի զարգացման ընթացքը V-XV դդ., հաստատում հայ հոգևոր երաժշտության և՛ անմիջական, և՛ միջնորդավորված կապը բուն ժողովրդական ստեղծագործության հետ, դրանց ոճական հիմքերի նույնությունը: Շարականների եղանակները միջնադարյան հայ հոգևոր երաժշտության ազգային  ոճի հիմնական կրողներն են, մեծ է դրանց կշիռը նաև ընդհանուր արլ. քրիստոնեական եկեղեցական  հիմներգության մեջ:

 

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am