Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԳԻ ԱՆՍԱՄԲԼ, կազմակերպվել է Երևանում, 1938-ին՝ ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի հիման վրա (ղեկ.՝ Շ. Տալյան, 1942-ից՝ Վ. Սահակյան), 1946-ից՝ վաստակավոր: 1943-ից՝ Սայաթ-Նովայի անվ.: 1939-ին անսամբլի երգիչներն էին Հ. Տալյանը, Վ. Սահակյանը, Հ. Քոչարյանը: Մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակներին (1939, 1956): Երկացանկն ընդգրկել է Բաղդասար Դպիրի, Սայաթ-Նովայի, Միսկին-Բուրջիի, Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի և այլ աշուղների, հայ կոմպոզիտորների (Ա. Հարությունյան, Ա. Բաբաև, Ա. Քոչարյան), տարբեր ժողովուրդների ժողովրդական երգեր: Առանձին տեղ են գրավել գուսան Գյուլգազյանի «Սմբատ և Սոֆիա», գուսան Աշոտի «Աստղատուր և Աստղանուշ» երգախառն հեքիաթները: Գոյատևել է մինչև 1969-ը: 1992-ից գործում է ՀՀ ազգային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը (գեղ. ղեկ ՝ Թ. Պողոսյան), որը ձգտում է շարունակել իր նախորդի ավանդույթները:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am