ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, կառուցվել է Երևանում՝ Մ. Սարյանի տուն-արվեստանոցին կից (ճարտ.՝ Մ. Գրիգորյան), բացվել 1967-ին: Եռահարկ շենքում ներկայացված են նկարչի 1898-1970-ի գեղանկարչական, գրաֆիկական գործերը: 1972- ից ցուցադրության մաս է կազմում նաև Վարպետի արվեստանոցը: Սարյանի նվիրաբերած 80 ստեղծագործություններին տարիների ընթացքում ավելացվել են նորերը, որոնք ձեռք են բերվել տարբեր երկրների հավաքորդներից կամ նվիրաբերվել առանձին անհատներից (224 ցուցանմուշ՝ 2001-ին): Սարյանի տուն-թանգարանը բազմաթիվ ցուցահանդեսներ է կազմակերպել Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքներում, այդ թվում՝ նաև Ժ. Պոմպիդուի անվ. ֆրանսիական ազգային մշակույթի կենտրոնում (Փարիզ): 1978—79-ին թանգարանում բացվել է Հ. Այվազովսկու հայկական թեմաներով ստեղծագործությունների ցուցահանդես (Թեոդոսիայի Այվազովսկու տուն-թանգարանի հավաքածուի հիման վրա): Թանգարանը մասնակցել է «Ծովի երգը» (Մարսել, 1996), «Հայաստանի գույները» (Սալոնիկ, 1997), «Հայ մշակույթի օրերը Եգիպտոսում» (Կահիրե, 1998), «Հայ նկարիչների երեք սերունդ» (Բեյրութ, 2000), «Ռուսական սիմվոլիզմ» (Բորդո, 2000) ցուցահանդեսների, գիտաժողովների, հրատարակում է կատալոգներ, ալբոմներ, բուկլետներ:

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am