ՌՈՄԱՆՍ (իսպ.՝ romance, < ուշ լատ. romanice, բառացի՝ ռոմաներեն՝ իսպաներեն), կամերային Երաժշտաբանաստեղծական երկ՝ ձայնի համար՝ գործիքի նվագակցությամբ: Ի տարբերություն երգի՝ Ռոմանսի երաժշտությունը բանաստեղծու-թյան ընդհանուր տրամադրությունից բացի, հետևում է տեքստի մանրամասներին, բացահայտում հույզերի նրբին փոփոխումները, նվագակցության դերը ավելի մեծ է, հաճախ ձայնի նշանակությանը հավասար: Ռոմանս տերմինը ծագել է Իսպանիայում՝ միջնադարում, նշանակել աշխարհիկ երգ՝ գրված իսպաներեն (ռոմանական), գործածվել նաև այլ երկրներում: Ռոմանսի ժանրային տարատեսակներն են բալլադը, եղերերգը, բարկարոլը ևն: Ռոմանսը որպես երաժշտաբանաստեղծական սինթետիկ ժանր՝ զարգացել է XVIII դ. 2-րդ կեսից՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Դասական Ռոմանսի կողքին զարգացել է կենցաղային Ռոմանս՝ ավելի պարզ ու մատչելի, ոճով երգին մոտիկ, սիրող երգիչների համար: Երբեմն Ռոմանս են անվանում նաև երգուն բնույթի գործիքային պիեսները. ինչպես և երաժշտություն չունեցող, ռոմանսային տեքստերին բնորոշ ինտոնացիայով քնարական բանաստեղծությունները (օր.՝ Ե. Չարենցի «Ռոմանս անսերը»): Հայկական Ռոմանսը սկզբնավորվել է XIX դ. 2-րդ կեսին (Տ. Չուխաճյան, Գ. Երանյան, Գ. Ղորղանյան). ժանրը զարգացրել, կերպարային բովանդակությամբ, երաժշտական ձևի բազմազանությամբ հարստացրել է Ա. Սպենդիարյանը, ազգային ոճը բյուրեղացրել՝ Ռ. Մելիքյանը:  Ռոմանսներ են գրել Կոմիտասը, Հ. Ստեփանյանը, Կ. Զաքարյանը, Մ. Միրզայանը, Մ. Մազմանյանը, Ա. Հարությունյանը, Է. Միրզոյանը, Ս. Բալասանյանը, է. Աբրահամյանը, Ա. Խուդոյանը, Գ. Չթչյանը, է. Բաղդասարյանը, կենցաղային Ռոմանսներ՝ Ե. Բաղդասարյանը, Ա. Մայիլյանը, Ա. Տիգրանյանը և ուր.:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am