ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄ (< լատ.՝ primitivus - առաջին, նախնական), XIX դ. վերջի - XX դ. կերպարվեստում՝ պատկերման միջոցների միտումնավոր պարզունակացումը և այսպես կոչված, պրիմիտիվ արվեստի կիրառումը: Պրիմիտիվիզմի՝ որպես ստեղծագործական սկզբունքի տարածումը պայմանավորված է մի շարք արվեստագետների՝ ժամանակակից մշակույթին հակադրվելու, արվեստի նախաստեղծ ձևերին վերադառնալու մղումով: Պրիմիտիվիզմ տերմինը հաճախ կիրառվում է նաև, այսպես կոչված, նաիվ՝ մասնագիտական կրթություն չստացած, մանկական միամիամտությամբ, պարզունակությամբ աչքի ընկնող նկարիչների, քանդակագործների արվեստը բնորոշելիս: Պրիմիտիվիզմը հատկապես մեծ համարում ունի ԱՄՆ-ում, Հարավսլավիայում: 1972-ին Երևանում բացվել է Հորվաթիայի պրիմիտիվ արվեստի ցուցահանդես՝ Ի. Գեներալիչի մասնակցությամբ: Հանրաճանաչ է Թիֆլիսի նաիվ նկարիչ Ն. Փիրոսմանաշվիլին:

Հայկական կերպարվեստում Պրիմիտիվիզմի ներկայացուցիչներ են համարվում Վ. Խոջաբեկյանը, Կ. Գրիգորյանցը, Ա. Ճերմակյանը, Ա. Բդեյանը, Վ. Էլիբեկյանը, Գ. Ամիրյանը, Հ. Զաքարյանը, Ա. Ղուլյանը և ուր., հայտնի են Ն. Պողոսյանը (ԱՄՆ), Մ. Կարայանը և Ա. Կնյազյանը (Ֆրանսիա), Մ. Բոյաջյանը (Բելգիա): Հայկական Պրիմիտիվիզմի արվեստի հարուստ հավաքածու ունի Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը (Երևան):


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am