ՊԱՐ, արվեստի տեսակ, որի գեղարվեստական կերպարի ստեղծման միջոցը մարդու մարմնի շարժումներն են: Պարը երևան է եկել մարդու շարժումներից ու ժեստերից: Շարժումները, աստիճանաբար փոփոխվելով, մշակվել ու խմբավորվել են, ընդհանրացվել, հաստատվել որոշակի ձևերի մեջ, դարձել պարաձևեր, պարատեսակներ: Այդ ամենից ձևավորվել է պարարվեստը. Պարը ժողովրդական արվեստի (տես Ժողովրդական պար) ամենահին արտահայտություններից է. սկզբում անխզելիորեն կապված խոսքի ու երգի հետ՝ հետզհետե ձեռք է բերել ինքնուրույնություն: Պարը չափվում է նույն տևողություններով, ինչ երաժշտությունը, որոշ դեպքերում երաժշտական շեշտն ընկնում է պարային ուժեղ տակտի, մյուսներում՝ թույլի վրա: Երբեմն ութտակտանոց երաժշտությունը համընկնում է յոթ կամ հինգ տակտանոց պարաքայլին: Ռիթմը շեշտվում Է ծափերով, ոտքերի զարկերով, երաժշտական նվագարաններով: Պարի հիմնական արտահայտչամիջոցներն են մարմնի դիրքերը. դիրքից դիրք անցնելու շարժումները, պլաստիկան, դիմախաղը, ռիթմի ու տեմպի շարժունությունը, պարողի կոմպոզիցիոն տարած, գծանկարը, որոնք բացահայտում են պարողի ներաշխարհը, ստեղծում որոշակի կերպար: Ներկայացումներում (հատկապես բալետում) Պարը հարստանում է դրամատուրգիայով: Հնագույն ժամանակներից գոյություն են ունեցել պարային-երաժշտական ու մնջախաղային ներկայացումներ (տես Մնջախաղ):


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am