Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Նոր Նախիջևանի հայկական թատրոն

 ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, հիմնադրվել է 1830-ական թթ. վերջին՝ մանկավարժներ Թ. Խատամյանի և Ս.Տիգրանյանի նախաձեռնությամբ։ Քաղաքային դպրոցում ներկայացվել են Թ. Խատամյանի «Ռադամիստ և Զենոբիա», «Տրդատ թագավոր», «Քաջն Վարդան» դրամաները, Ս. Տիգրանյանի՝ տեղի բարբառով գրված վոդևիլները և այլ պիեսներ։ 1870-71 –ին թատրոնում հանդես է եկել Թ. Ֆասուլաճյանի պոլսահայ դերասանական խումբը։ Կազմակերպվել է «Դրամատիկական արվեստը սիրողների ընկերությունը» (1879-1919, նախագահներ՝ Հ. Խատամյան, Գ. Չուբար)։ 1882–83-ին Նոր Նախիջևանի հայկական թատրոնում ելույթներ են ունեցել Պ. Ադամյանը, 1895-ից՝ Հ. Աբելյանի, Սիրանույշի ղեկավարած թատերախմբերը։ 1899-ին ավարտվել է Քաղաքային թատրոնի շենքի կառուցումը (1895-99, ճարտ.՝ Ն. Ն. Դուրբախ (Դուրբախյան Նիկոդոս Սկրտչի))։ 1905-06-ին տեղի դերասանների հետ խաղացել են նաև Գ. Պետրոսյանը, Արմենյան ամուսինները, Ի. Ալիխանյանը, Ս. Ադամյանը, Քնարիկը, Վ. Սիրզոյանը, Անդրանիկը (Սողոմոնյան) և ուր : Բեմադրվել են Գ. Սունդուկյանի (Հ Խատամյանը վերածել էր տեղի բարբառի), Հ. Պարոնյանի, Շիրվանզադեի, Ա. Աբելյանի, տեղի դրամատուրգ Գ. Չուբարի և այլոց պիեսները։ 1917-19-ին գործել Է «Հյուսիսային Կովկասի դերասանական խումբը» (ղեկ.՝Հ. Շահեն և Օ. Ահարոնյան)։ Վ. Փափազյանը մասնակցել է Դյումա-հոր «Քին» և Շիրվանզադեի «Նամուս» ներկայացումներին։ 1924–26-ին գործել է իբրև դրամատիկական և երաժշտական թատրոն։ 1931-38– ին Ռոստով-Նախիջևանի թատրոնը կոչվել է Ազով-Սևծովյան երկրամասի հայկական պետական թատրոն: Հայկական թատրոնը Նոր Նախիջևան-Ռոստովում գործել է մինչև 1941-ը։


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Բարխուդարյան Վ. Բ., Նոր Նախիջևանի հաւկական գաղութի պատմություն (1861-1917 թթ.), Ե., 1985։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am