ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀՀ (ՀՆՄ), Հանրապետության նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն։ Ստեղծվել է 1932-ին։ Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին, արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք երկեր, նպաստել իր անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայնմանը, մասսայականացնել ստեղծված աշխատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը ևն։ Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945-ին։ 1945-98-ին կայացել է 15 համագումար։ ՀՆՄ նախագահներ են եղել Արա Սարգսյանը (1932– 1937), Մ. Աբեղյանը (1939-45 և 1967-68), Մ. Սարյանը (1945-51), Գ. Գյուրջյանը (1951-59 և 1968-69), Ռ. Պարսամյանը (1959-67), Ս.  Սաֆարյանը (1969-82), Ս.Մուրադյանը (1982-87), Ա. Շիրազը (1987-93), Պ. Հայթայանը (1994-98),  Կ. Ադամյանը (1998-ից)։ ՀՆՄ մասնաճյուղեր ունի Գյումրիում և Վանաձորում։ ՀՆՄ տնօրինում է Հայաստանի նկարիչների տունը (հիմն. 1935-ին, Երևանում), գեղարվեստի, քանդակագործության, զարդաձոդերի և  ձևավորման կոմբինատները, Ծաղկաձորի, Բյուրականի, Շորժայի հանգստյան տները։ ՀՆՄ ունի 976 անդամ (1999)։ ՀՀ հռչակումից հետո ընդլայնվել են միության միջազգային կապերը, նկարիչների համախումբ և անհատական ցուցահանդեսների կազմակերպումը արտերկրում։ 1994-ին Ֆրանսիայում կազմակերպված «Հայ նկարիչները» ցուցահանդեսի, ինչպես և Ժանսեմի, Էդգար Շահինի, Գառզուի գործերի վաճառքից գոյացած գումարով Փարիզում՝ «Cite international des arts»–ում գնվել և բացվել է արվեստանոց, որտեղ հայ նկարիչներին ընձեռվում է հնարավորություն երկու ամիս աշխատելու և ցուցադրվելու։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am