ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ԱՐՎԵՍՏ, նախնադարյան համայնական հասարակարգի ժամանակաշրջանի արվեստը։ Ծագել է ավելի քան 30 հզ. տարի առաջ, ուշ պալեոլիթում, երբ երևան է եկել բանական, ժամանակակից տիպի մարդը։ Մարդու Ժայռապատկեր Գեղամա լեռներիցճանաչողական գործունեության մեջ հսկայական առաջընթաց քայլ էր ամենօրյա կյանքի իրական պահանջմունքներով պայմանավորված արվեստի ծնունդը։ Օրինակ, պարարվեստն առաջացել է որսորդական և ռազմական վարժություններից, նախնադարյան համայնքի աշխատանքային զբաղմունքի, կենդանիների կյանքի պատկերավոր վերարտադրությունից, յուրօրինակ բեմականացումներից։ Երգի և երաժշտության սկզբնավորման համար մեծ նշանակություն են ունեցել աշխատանքային ռիթմերը և  այն հանգամանքը, որ երգն ու երաժշտությունն օժանդակել են խմբային աշխատանքի կազմակերպմանը։ Ուշ պալեոլիթում է սկիզբ առել ճարտարապետությունը: Կերպարվեստի ստեղծագործությունները երևան են եկել օրինյակի (ուշ պալեոլիթի սկիզբ) ժամանակաշրջանում։ Պալեոլիթի արվեստի կարևոր հուշարձանները քարայրերի պատերին, առաստաղներին արված ժայռապատկերներն են։ Ուշ պալեոլիթում են ստեղծվել մարդկանց և կենդանիներ պատկերող բոլորաքանդակները, ոսկրի և քարի վրա արված գեղարվեստական փորագրության առաջին նմուշները։ Պալեոլիթյան արվեստի բնորոշ առանձնահատկությունը նաև ռեալիզմն է։ Նախնադարյան արվեստի ստեղծագործությունների հիմնական մասն առնչվում է պտղաբերության պաշտամունքի, որսորդական ծիսական արարողությունների հետ։

Հայաստանի տարածքում հնագույն քարայրային գեղանկարչության՝ մ.թ.ա. XIII–XII հազարամյակների ստեղծագործություններ են հայտնաբերվել (1980– ին) Խոսրովի արգելանոցում։ Բաց երկնքի տակ, վիթխարի վեմերի, ժայռերի վրա փորագրվածԺայռապատկեր Գեղամա լեռներից նեոլիթ-էնեոլիթյան (մ.թ.ա. VI–IV հազարամյակներ) և բրոնզեդարյան (մ.թ.ա. III–II հազարամյակներ) բազմաթիվ ժայռապատկերներ են գտնվել Հայկական Տավրոսի, Արագածի լանջերին, Սյունյաց և Գեղամա լեռներում (ծ.մ. 2000-3200 մ բարձր, վրա)։ Հայաստանում ժայռարվեստը ամենախոշոր «պատկերասրահները» գտնվում են Սյունիքի Ուղտասար և Գեղամա լեռների Պայտասար հնավայրերում։ Սյունիքում այդ հուշարձանները սփռված են այժմյան Ուղտասարի, Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտներին, Եղեգիս, Արփա, Որոտան գետերի ակունքներին մոտակա լեռնապարերի լանջերին։ Միայն Ուղտասար հնավայրում հայտնի են ավելի քան 2 հզ. նկարազարդ քարեր, որոնցից յուրաքանչյուրի վրա փորված են մեկից հիսուն պատկերներ։ Պատկերները քարով փորվել են ժայռի հորիզոնական կամ ուղղաձիգ մակերևույթների վրա և հիմնականում գծային ու ծավալային են։ Ժայռարվեստի հուշարձաններում վերարտադրված են Հայաստանի կենդանական աշխարհի ողջ հարստությունը՝ վայրի և ընտելացված կենդանիների՝ բեզոարյան այծի, մուֆլոնի, վիթի, եղջերուի, ցուլի, ձիու, վարազի, շան, գայլի, հովազի, արջի, առյուծի, թռչունների պատկերներ։ Շատ են նետ ու աղեղով, վահանով, նիզակով զինված որսորդների, որսորդ, օղապարանների, թակարդի, որսորդ, այլ հարմարանքների, փոխադրամիջոցների՝ ծածկասայլերի, երկանիվ և քառանիվ սայլերի, երկրագործական գործիքներից՝ արորների պատկերները։ Արտակարգ շատ են տիեզերական պատկերացումների հետ առնչվող պաշտամունքային բնույթի քանդակները։ Քարեդարյան առաջին գործիքները Հայաստանի հնավայրերիցՆախնադարյան նկարչի կոմպոզիցիոն մտածողության մասին են վկայում քարե «կտավներում» պատկերների հատակագծի որոշակի հղացումը, առարկաների տեղաբաշխումը, հորինվածքի կենտրոնում հիմնական սյուժեի առանձնացումը և դասավորությունը։ Հայաստանի ժայռարվեստի ստեղծագործությունների առանցքն արտադրական կենցաղի, պաշտամունքի, մասնավորապես պտղաբերության, կախարդանքի, հմայական որսրոդությունների արտահայտություն հանդիսացող տեսարաններն են։ Հորինվածքներում հաճախ են հանդիպում ծիսական պարի (զուգապար, խմբապար), մարդու և գիշատչի մենամարտի և այլ տեսարաններ։ Նախնադարյան արվեստի ստեղծագործություններ են բնակատեղիներում և դամբարանատեղիներում հայտնաբերված, մեծ մասամբ նախնիների պաշտամունքին նվիրված յուրօրինակ զոհասեղաններ հանդիսացող, կատարող, վարպետությամբ աչքի ընկնող բրոնզեդարյան կավե կրակամանները, նրանց տարատեսակ հենակները, սև փայլեցրած, կիսագնդաձև գեղեցիկ կանթերով, բազմաքանակ կավե անոթները՝ բուսական, կենդանական և երկրաչափական. զարդապատկերների բարդ և գեղեցիկ հորինվածքներով։ Նախնադարյան արվեստի՝կավից, մետաղից և փայտիցՈսկյա թաս` առյուծների պատկերներով (Վանաձոր, Ք.ա. 2-րդ հազարամյակ) կերտված հետաքրքիր հուշարձաններով է հարուստ մ.թ.ա. II հազարամյակի՝ միջին բրոնզեդարյան մշակույթը։ Այդ շրջանում բարձր վարպետության է հասել կրոնապաշտամունքային  զարդամոտիվը գունազարդ խեցեղենի, սպասքի թանկարժեք առարկաների վրա։ Մարդկանց, բազմազան կենդանիների, թռչունների, օձերի և այլ պատկերներով են զարդարված Թռեղքի, Տաշիր-Ձորագետի, Արարատյան դաշտի, Հայաստանի այլ վայրերի գունազարդ անոթներն ու ոսկե, արծաթե իրերը։ Քանդակագործության հետաքրքիր ստեղծագործություններ են Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, ջրանցքների, ջրավազանների մոտ տեղադրված վիշապ քարակոթողները։ Կիրառական արվեստի հուշարձաններում մեծ հետաքրքրություն են ներկայացնում մ.թ.ա, II հազարամյակի վերջի և 1-ի սկզբին պատկանող բրոնզե գոտիները. որոնց գծա–պատկեր սյուժեներում արևը պատկերված է առյուծի, ցուլի, ձիու, արագիլի, երկնային այլ լուսատուները՝ թռչունների, վայրի այծերի, խոզերի, այլ կենդանիների պատկերներով։ Գոտիների վրա ներկայացված են նաև լայնալիճ աղեղներով, թռչնագլուխ դիմակներով որսորդներ, որոնք հետապնդում են որսի կենդանիներին։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի կիրառական արվեստի ուշագրավ նմուշներ են փորագիր եիկրաչափական զարդամոտիվներով, միագույն, երկգույն, եռագույն ընդելուզվածքով, վերադիր կենդանակերպ զարդերով, նուրբ փայլեցված, երկրաչափ, պատկերների գոտիներով հարդարված գոգավոր և ուռուցիկ մակերեսով խեցեղենի նմուշները։
 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am