ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ ՖԻԼՄ, կինոարվեստի տեսակ, որի երկերն ստեղծվում են նկարված կամ ծավալային օբյեկտների շարժման առանձին հաջորդական փուլերի նկարահանմամբ։ Մուլտֆիլմերը լինում են նկարչական և ծավալային (տիկնիկային)։ Հայաստանում մուլտֆիլմերի նկարահանումներն սկսվել են 1937-ին («Շունն ու կատուն», ըստ Թումանյանի, ռեժ. Լ.  Ատամանով, նկարիչ՝ Վ. Սուտեև)։

1941-ին ստեղծվել է «Տերտերն ու այծը» (ռեժ. Լ. Ատամանով), 1947-ին՝ «Կախարդական գորգը» (ռեժ. Ատամանով, նկարիչներ՝ Հ Կոջոյան, Մ.Կարապետյան), որից հետո մուլտֆիլմերի ստեղծագործական խումբը կազմալուծվել է, հայկական մուլտիպլիկացիայի պատմությունն ընդհատվել է գրեթե քսան տարով։ 1960-ական թթ. կեսին նկարիչ և ռեժ. Վ Պոդպոմոգովը հայկական մուլտֆիլմի վերածննդի նոր փորձ է ձեռնարկել։ 1967-ին էկրանավորել է «Մի կաթիլ մեղրը» (ըստ Թումանյանի)։ 1970-ական թթ. բուռն զարգացում է ապրել հայկական մուլտկինոն։ Նկարիչ Ա. Անդրանիկյանի ռեժիսորական աշխատանքներից է «Արևի հարսնացուն» (1971) ֆիլմը, որը շրջադարձային էր հայկական մուլտկինոյում։ Ռ. Բաբայանը, Ռ. Սահակյանցը, Լ.  Խաչատրյանը, Ա. Գալստյանը, Ա.Միրաքյանը և ուրիշներ ստեղծել են մուլտֆիլմեր, որոնք վկայում են կոլեկտիվի մասնագիտական բարձր վարպետությունը։ Լավագույններից են «Աբու Հասանի մաշիկները» (1974, ռեժ. Ռ. Բաբայան), «Սխալ արտահայտություն» (1973, ռեժ. Ա. Միրաքյան, Է. Վարդանյան, հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմը), «Ծույլը» (1975, ռեժ. և նկարիչ՝ Լ. Խաչատրյան), «Աղվեսագիրք» (1975, ըստ Մ. Գոշի և Վ Այգեկցու, մուլտ. մինի-օպերա, կոմպոզիտոր՝ Դ. Ազարյան), «Կիկոսի մահը» (ըստ Թումանյւսնի, 1979, նկարիչ՝ Լ. Սահակյանց), «Ամեն ինչ լավ է» (1992, երեքն էլ՝ ռեժ. Ռ. Սահակյանց), «Հայկական գրեր» (1993, ռեժ. Յու. Մուրադյան), «Տգետը» (1995, ռեժ. Ա. Մանարյան)։ Հայ մուլտիպլիկատորների խումբը լրացրել են երիտասարդ նկարիչներ Լ. Սահակյանցը, Մ. Վաղարշյանը, Է. Ավագյանը և ուրիշներ։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am