Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մոսկվայի հայ մշակույթի տուն

 ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ, հիմնադրվել 1921-ի հոկտեմբերի 1-ին ՌԽՖՍՀ Կենտգործկոմի որոշմամբ։ Վ. Ի. Լենինի 1919-ի մարտի 4-ի ստորագրած դեկրետով Հայկական ինստիտուտի վերածված նախկին Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը դրվում էր Խորհրդային Հայաստանի կառավարության իրավասության տակ՝ իբրև Հայ մշակույթի տուն Մոսկվայում։ 1999-ին տրվել է ՀՀ-ին։ Մոսկվայի հայ մշակույթի տունը ստուդիական ուսուցման միջոցով դերասանական, ռեժիսորական, օպերային-օպերետային, պարարվեստի, երաժշտական, կերպարվեստի մասնագիտական կադրեր է պատրաստել Խորհրդային Հայաստանի համար, հոգացել հայ մշակույթի գործիչների կատարելագործման և ստեղծագործական վարպետության բարձրացման մասին։ Մշակույթի տանը կից ամենատևական գործել են Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվը և Հայկական դրամատիկական ստուդիան (տես Թատերական ստուդիաներ): Ստուդիան ընդմիջումներով գործել է շուրջ 30 տարի, խոշոր դեր կատարել հայ թատրոնի համար մասնագիտական կադրեր պատրաստելու գործում։ Մոսկվայի հայ մշակույթի տան դահլիճում հանդես են եկել ճանաչված դերասաններ, կոմպոզիտորներ, երաժշտական կոլեկտիվներ, երգիչներ, ասմունքողներ, երաժիշտ կատարողներ, բանաստեղծներ, կազմակերպվել են ստեղծագործական երեկոներ, ներկայացումներ, գիտնականների և մշակույթի գործիչների զեկուցումներ, դասախոսություններ, հոբելյաններ ևն։ Տունն ունեցել է հարուստ գրադարան, տպարան, բացի մշտական ցուցանմուշներից, տանը կազմակերպվել են հայ նկարիչների ցուցահանդեսներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մոսկվայի հայ մշակույթի տան  գրեթե դադարած գործունեությունը նոր թափ է առել հետպատերազմյան շրջանում և գոյատևել մինչև 1953-ը։ Հայաստանից այստեղ եկած նկարիչներ, ռեժիսորներ, գրողներ, կոմպոզիտորներ, երգիչներ, բալետի արտիստներ, բալետմայստերներ, ասմունքողներ կատարելագործվել են Մոսկվայի նշանավոր արվեստագետների ղեկավարությամբ, խորացրել մասնագիտական գիտելիքները, նպաստել հայ արվեստի տարածմանը Մոսկվայում, խոշոր դեր կատարել Մոսկվայի հայ բնակչությանը հայ ազգային մշակույթին սերտորեն կապելու ասպարեզում։ Մոսկվայի հայ մշակույթի տանն են ուսանել կոմպոզիտորներ Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Է. Միրզոյանը, Է. Բաղդասարյանը, Ա. Խուդոյանը, բանաստեղծներ Գ. էմինը, Ս. Կապուտիկյանը, արձակագիր Ա. Սահինյանը, նկարիչներ Մ. Աբեղյանը, Ա. Չիլինգարյանը, Ս. Մուրադյանը, Ա. Պապյանը, բալետմայստերներ Մ. Մարտիրոսյանը, Վ. Խանամիրյանը, Ա Ղարիբյանը, Մ. Մնացականյւսնը, բալետի արտիստներ Ս. Մինասյանը, Թ. Գրիգորյանը, երգիչներ Ս. Դավթյանը, Ֆ. Օհանյանը, Ս. Գալստյանը և ուրիշներ։ Ուսուցիչներ են եղել Ա. Խաչատրյանը, Վ. Շեբալինը, Գ.Լիտինսկին, Ն Տիխոնովը, Ս. Մարշակը, Լ. Լավրովսկին, Բ. Իոգանսոնը, Վ. Բարսովան և ուրիշներ։ Մոսկվայի հայ մշակույթի տան գործունեությանը մեծապես նպաստել են տնօրեններ Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Սոս Ալիխանյանը և Սուրեն Սարուխանյանը։

1987-ին Մոսկվայի հայ մշակույթի տունը (1952–86-ին չի գործել) վերսկսել է գործունեությունը «Հյուսիսային ծիածան» մշակութային կենտրոն անունով՝ նույն շենքում, որը հիմնավոր վերակառուցվել է։ Կենտրոնն ունի գրադարան, դահլիճ, թանգարան, հայկական  թատերախումբ, հայերենի ուսուցման դասընթացներ։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am