ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԱՐՎԵՍՏ, կոթողային արվեստ, տարածական արվեստների բնագավառ, որի ստեղծագործությունները կերտվում են որոշակի ճարտարապետական միջավայրի համար և նրան համապատասխանում գաղափարով, տեսողական-արխիտեկտոնիկ ու գունային կառուցվածքով։ Մոնումենտալ արվեստի գործեր են հուշարձաններն ու կոթողները, կառույցների քանդակագործական, գեղանկարչական. խճանկարչական հարդարանքը, վիտրաժները ևն (որոշ արվեստաբաններ Մոնումենտալ արվեստի գործեր են համարում նաև ճարտարապետական ստեղծագործությունները)։ Համադրվելով ճարտարապետությանը՝ Մոնումենտալ արվեստը որոշակիացնում է կառույցի, համալիրի կամ ճարտարապետորեն կազմակերպված տարածության գաղափարային բովանդակությունը։ Հաճախ այդ երկերն ունենում են հարաբերական ինքնուրույնություն, դառնում համալիրի կարևոր շեշտադրումը՝ ի տարբերություն Մոնումենտալ արվեստի մյուս գործերի, որոնք բարձր գաղափարներ չեն կրում և ճարտարապետության մեջ համահնչունորեն զարդարում են պատերի, ծածկերի, ճակատների և այլ մակերեսներն ու իրենց արխիտեկտոնիկ զարդարվեստային արտահայտչամիջոցներով սահմանակից են դեկորատիվ արվեստին (տես Մոնումենտալ դեկորատիվ արվեստ):  Սակայն Մոնումենտալ արվեստի երկերի այդ երկու տարատեսակների միջև խիստ սահմանագիծ չկա։  

Հայկական լեռնաշխարհում Մոնումենտալ արվեստի գործեր են ստեղծվել դեռևս նախնադարյան հասարակարգում։ Պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ (վիշապներ, ժայռապատկերներ, մենհիրներ, կոթողներ ևն)։ Գրավոր տեղեկություններ են հասել հոյակերտ մեհյանների (Բագարանում, Աշտիշատում, Արմավիրում, Արտաշատում և այլուր), բրոնզաձույլ ու ոսկեձույլ բագինների (Արամազդի, Անահիտի, Վահագնի, Աստղիկի, Տիրի և ուրիշներ) մասին։ Էրեբունիի որմնանկարները ենթադրել են տալիս ժամանակի մոնումենտալ գեղանկարչության զարգացածությունը։ Մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բարձրարվեստ օրինակ է Գառնու բաղնիքի խճանկարի հատակը։ Կառուցվել են տարբեր տիպի տաճարներ, պալատներ, որոնց պահպանված օրինակները վկայում են Մոնումենտալ արվեստի խնդիրների ինքնուրույն, յուրօրինակ ազգային լուծումների մասին։ Այդ ավանդույթն իր հետագա զարգացումն է գտել նաև միջնադարյան հայկական արվեստում (Զվարթնոց, Աղթամար, Անիի Մայր տաճար, Գագկաշեն, Օձուն, Նորավանք ևն)։ Յուրակերպ գեղարվեստական մտածողության արդյունք են խաչքարերը, որոնց մոնումենտալ հնչողություն է հաղորդվել և՛ տվյալ ճարտարապետական  միջավայրում, և՛ առանձին կանգնած, որպես հուշարձան, կոթող։ Մոնումենտալ արվեստի խնդիրներին է ծառայել նաև զարդապատկերը։ Բազմաթիվ գործեր են ստեղծել Հովնաթանյան ընտանիքի վարպետներից Նաղաշ Հովնաթանը (Երևանի Պողոս–Պետրոս, Ս. Անանիա եկեղեցիներում, Էջմիածնի տաճարում), Հակոբ և Հարություն Հովնաթանյանները (Ապրակունիսի Ս.Կարապետ վանքում

Հայկական Մոնումենտալ արվեստի զարգացման հաջորդ շրջանն ընդգրկում է 1920-90-ական թթ., որն աչքի է ընկնում բազմաթիվ նվաճումներով՝ հատկապես բոլորաքանդակի բնագավառում։ Լավագույն ստեղծագործություններից են Սունդուկյանի անվ. թատրոնի՝ Մ.Սարյանի ստեղծած վարագույրը, նրա էսքիզներով կատարված վիտրաժները (Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում), Հ. Գյուրջյանի, Ա.Մերկուրովի, Գ. Յակուլովի, Ա. Սարգսյանի, Ա. Ստեփանյանի, Ե. Քոչարի, Գ. Խանջյանի, Ղ. Չուբարյանի, Ն. Նիկողոսյանի, Ա. Հարությունյանի, Ա. Հովսեփյանի, Ա. Բադդասարյանի, Ե.  Վարդանյանի, Ա. Շահինյանի, Ա. Շիրազի, Վ. Խաչատրյանի, Լ. Թոքմաջյանի և այլոց մոնումենտալ երկերը։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր 3, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX–XIII դարերի խաչքարերը, Ե., 1984։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am