ՄՆՋԱԽԱՂ, բեմարվեստի տեսակ, ուր դերասանի արտահայտչալեզուն սահմանափակված է տարածաժամանակային ձևում (շարժում, դիմախաղ, ժեստ)։ Մնջախաղի առաջին նկարագրությունը վերաբերում է մ.թ.ա. 420-ին (Քսենոփոնի «Խնջույք»)։ Հին Հունաստանում մնջախաղը սկզբնապես ունեցել է ծիսախաղային բնույթ, ապա, հատկապես հելլենիզմի դարաշրջանում, կատարելագործվել որպես ինքնուրույն արվեստ։ Մնջախաղը տարածվել է նաև  առաջավորասիական երկրներում և IV—VII դդ. դարձել պրոֆեսիոնալ թատրոնի տեսակներից Կապադովկիայում, Բյուզանդիայում, Ասորիքում, Հայաստանում։ Բոլոր ժողովուրդների հին թատրոնները և առհասարակ թատերական բանահյուսությունը հարուստ են Մնջախաղի տարրերով։ Նոր ժամանակներում մնջախաղը թատերաէստրադային ժանր է։ XX դ. սկզբին մնջախաղի տարրերը թափանցել են նաև դրամատիկական բեմ (Մ. Ռայնհարդ, Վ. Մեյերխոլդ, Ե. Վախթանգով և ուրիշներ)։ Սկզբունքորեն մնջախաղային է նաև  Չ. Չապլինի արվեստը կինոյում։ Մնջախաղի  արտահայտչալեզվից օգտվում են ժամանակակից կրկեսը, բալետը, էստրադային թատրոնը։ Մնջախաղի խոշորագույն վարպետ էր Լ. Ենգիբարյանը: 1972-ից գործում է Երևանի մնջախաղի թատրոնը։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am