ՄԻՀՐ, Միթրաս, կենսատու լույսի, մաքրության, բարության, ճշմարտության, ավելի ուշ՝ արեգակի աստվածը հին արիական ժոդովուրդների հավատքում։ Դեռևս մ.թ.ա. II հազարամյակի կեսին Միհրի պաշտամունքը տարածված է  եղել Միտաննի պետությունում, այնուհետև՝ հնագույն Հնդկաստանում, ապա՝ Աքեմենյան աշխարհակալությունում։

Հայաստանում Միհրի պաշտամունքը տարածված է եղել անհիշելի ժամանակներից։ Ստրաբոնը վկայում է, որ Աքեմենյանների տիրակալության ժամանակ Հայաստանի սատրապը Միհրի ամենամյա տոնին նվիրաբերել է 20 հզ, մտրուկ ձի։ Միհրի տոնը հայոց մեջ նշվել է  Արեգ ամսին (համընկնում է Մհերի դուռիրանական Միհր կամ Միթրաս ամսին)։ Հայոց 7-րդ ամիսը՝ մարտը, Միհրի անունով կոչվել է Մեհեկան կամ Մեհեկին, իսկ յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը՝ Միհր։ Հայաստանում Միհրի  գլխավոր  տաճարը (որը 301-ից փոխվեց եկեղեցու) գտնվել է  Բարձր Հայք նահանգի Դերջան գավառի Բագառիճ (Բագառինջ) ավանում։ Իրանում, Հայաստանում, Վիրքում, Աղվանքում, փոքրասիական շատ երկրներում Միհրի անունով կերտվել են անձնանուններ (Միհրան, Միհր-Ներսեհ, Միհր– Արտաշես, Միհրան-Շապուհ, Միհրդատ, Մհեր, Մեհրուժան ևն)։ Միհրի անունով են կոչվել «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գլխավոր հերոսներից երկուսը՝ Մեծ կամ Առյուծաձև Մհերը (զրադաշտ, կրոնում առյուծը դիտվել է հզորության և սրբազան կրակի խորհրդանիշ) և Փոքր Մհերը, որոնց սխրագործություններում առկա են Միհրին վերագրվող որոշ գծեր։ Օրինակ՝ Փոքր Մհերը ներկայացվում է որպես աշխարհի փրկիչ, որը դուրս է գալու Վանա Ագռավու քար (կրակապաշտության մեջ ագռավը համարվել է կրակը պաշտպանող սրբազան թռչուն) կոչվող ժայռից, ազատելու է չարության ոգիների ձեռքում տառապող մարդկությանը և հիմնելու երանավետ թագավորություն։ Վանի դիցանվեր քարայրերից մեկը հայտնի է «Մհերի դուռ» անունով (Իրանում ևս Միհրին նվիիված զոհարանները կոչվել են «Դար-ի Միհր»–«Միհրի դուռ») որտեղ, ըստ ժողովրդի հավատքի, պահվել է «անշեջ ճրագը»։

Միհրի պաշտամունքն աստիճանաբար անհետացել է IV դարից, երբ քրիստոնեությունը հաղթանակել և ճանաչվել  է պաշտոնական կրոն։ Վերջինս ներառել է միհրականության մի շարք գծեր (Քրիստոսի ծննդյան, համբարձման, հաղորդության ևն)։

Հնագույն քանդակներում Միհրը հաճախ պատկերվել է  առույգ պատանու տեսքով, փռյուգիական կամ հայկական խույրով՝ տապալված ցլին քարայրում զոհաբերելիս։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

Ալիշան Ղ, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895։

Ավդալբեգյան Թ., Միհրը հայոց մեջ, Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969։ 

Թոփճյան Բ., Միհրականություն, Բեյրութ, 1969։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am