ՄԵԼԻՔՅԱՆ Ռոմանոս Հովակիմի [19.9(1.10). 1883, ք. Ղզլար (այժմ՝ Դաղստանում) - 30.3. 1935, Թիֆլիս, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում], կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ: Ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը (1902), սովորել Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում (1902-05), Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայում (1910-14), ընդունվել Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիան (1906): 1908-10-ին դասավանդել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում, 1908-ին Ա. Մ. Մանուկյանի հետ հիմնել «Երաժշտական լիգան»: 1915-ից Թիֆլիսում զբաղվել է մանկավարժական և հասարակական գործունեությամբ: 1921-ին Հայաստանի Կառավարության հրավերով Երևանում ձեռնամուխ է եղել երաժշտական ստուդիայի (1921), կոնսերվատորիայի (1923) ստեղծմանը: 1920-ականներին Մելիքյանը Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր:

Մելիքյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում երգն ու ռոմանսը: Հայկական դասական ռոմանսի սկզբնավորողն է: Նշանակալի են «Աշնան տողեր» (1908-14), «Զմրուխտի» (1916- 1918, հրտ.՝ 1928), «Զառ-վառ» (1922, հրտ.՝ 1949), «Նոր օրերի երգեր» վոկալ շարքերը: Մելիքյանի ժողովրդական երգից սկզբնավորվող մեղեդիական ոճն աչքի է ընկնում խոր անհատականությամբ, իսկ հարմոնիայի և հնչյունային երանգավորման ասպարեզում նրա նորարարությունները նպաստել են ազգային երաժշտության հնչյունային վառ ու գունեղ երանգապնակի ստեղծմանը:

Մելիքյանի անունով է կոչվել Երևանի երաժշտական ուսումնարանը:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գյոդակյան Գ., Ռոմանոս Մելիքյան: Կյանքը և ստեղծագործությյունը, Ե., 1960: 

Թոռջյան Խ., Ռոմանոս Մելիքյան. Ե.. 1960: 

Ռոմանոս Մելիքյան: Հոդվածներ, նամակներ, հուշեր (կազմ.՝ Ք. Գրիգորյան), Ե.. 1977:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am