ՄԵՂԵԴԻ (<հուն. μελῳδία- մելոդիա, երգ, երգեցողություն), 1. միաձայն արտահայտվող երաժշտական միտք, որ ծավալվում է որոշակի ձայնակարգային հիմքի վրա, ելևէջային և ռիթմային տարրերի որոշակիորեն կազմակերպված հաջորդականությամբ։ Երաժշտության սկզբնատարրն է, բազմաձայն ստեղծագործության մեջ՝ նրա բովանդակության հիմնական կրողը։ Առանձնանում է ժանրային (վոկալ, նվագարանային), ոճական և այլ հատկանիշներով։ Միաձայն երաժշտության մեջ (տես Մոնոդիա) մարմնավորում է ավարտված ամբողջական երաժշտական կերպար։ Այս առումով բնորոշ են տարբեր ժողովուրդների ժողովրդական երգերի մեղեդիները։ Կոմպոզիտորական ստեղծագործության մեջ մեղեդին  հատկապես առաջատար նշանակություն է  ձեռք բերել ռոմանտիզմի ներկայացուցիչնեիի երկերում։ Հայկական  ժողովրդական և մոնոդիկ պրոֆեսիոնալ երաժշտության տարբեր ճյուղերը (գեղջկական, հոգևոր, քաղաքաքական, գուսանական, աշուղական ևն) հարուստ են հնագույն դարերից մեզ հասած և հռչակված բազմատեսակ բարձրարվեստ մեղեդիներով։

2. Հայկական հոգևոր երգի (ոչ կանոնական) տեսակ, որ սկզբնավորվել է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ։ Հետագայում (հավանաբար XIII–XIV դդ ), ի տարբերություն գանձ և տաղ կոչվող երգերի, անվանվել է մեղեդի  և գրչագիր ժողովածուներում զետեղվել Գանձ– Տաղ-Մեղեդի-Հորդորակ շարքերում, որոնք հատկացվել են եկեղեցական  որոշակի տոների։ Այդ քառանդամ երգաշարերը մեզ են հասել աղճատված (միավորները պակասեցված, ժանրային անվանումները փոխադարձաբար խառնված) վիճակում, ուստի ներկայումս դժվար է որոշակի տարբերել, օրինակ, տաղը մեղեդուց։ Գանձերի և տաղերի նման մեղեդիները ևս խազագրված են, բայց ո՛չ խազավորումով, ո՛չ էլ բանավոր հաղորդումով, դրանք տաղերից էականորեն չեն տարբերվում, որպես կանոն՝ ծավալուն-ծովերգային են։ Ն. Թաշճյանի գրառած նմուշներից իր եղանակի կատարելությամբ առանձնանում է Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով» մեղեդին (տես նաև Գանձարան):



Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am