ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, հիմնադրվել է 1959-ի մարտի 3-ին Պետական ձեռագրատան (Մատենադարան) հիմքի վրա։ 1962-ից՝ Մեսրոպ Մաշտոցի անվան։ Ունի մատենագիտության ու բնագրագիտության, հին մատենագրության V-XIII դդ ), միջնադարյան մատենագրության ու վավերագրերի XIV-XVIII դդ.) և մանրանկարչության ուսումնասիրման, ձեռագիր մատյանների ու դիվանական փաստաթղթերի պահպանության, դրանց վերականգնման, պատճենահանման բաժիններ, ինչպես նաև հայագիտական գրադարան։

Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից, ըստ Ղազար Փարպեցու, էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է մի գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ Կաթողիկոսական աթոռը Սսից  էջմիածին փոխադրվելուց հետո (1441) ծաղկում են ապրել էջմիածնի գրատունն ու մերձակա վանքերի գրչակենտրոնները։

Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170-ին Բաղաբերդ ամրոցում սելջուկ թուրքերն ավարի են մատնել շուրջ 10.000 հայերեն ձեռագրեր, իսկ Կիրակոս Գանձակեցին արձանագրել է, որ օտար նվաճողները 1242-ին գրավել են Կարին քաղաքը և տեղի մատենադարանից հափշտակել բազմաթիվ մատյաններ։ Նման ճակատագիր է ունեցել Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը, որ ավերել են եգիպտական հրոսակները 1298-ին, գանձերի հետ մեկտեղ կողոպտելով բազմաթիվ գրչագրեր, այս փաստի մասին է պատմում արաբական մի մատյան։ Առաքել Դավրիժեցին արձանագրել է Էջմիածնի գրատան թալանը XVII դ։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանը ավերվել Է 1804-ին, որի մասին վկայել է Ներսես Աշտարակեցին։

Ռուսաստանի հետ Արլ. Հայաստանի միացումից (1828) հետո նոր ժամանակաշրջան է  սկսվել Մատենադարանի ձեռագրական հավաքածուների հարստացման  համար։ 1828-ին հաշվվում էր 1809 ձեռագիր, իսկ 1914-ին՝ 4660։ XIX դ. վերջից Էջմիածնի ձեռագրատանը հավաքված նյութերի օգտագործումով սկսված պատմաբանասիրական աշխատանքներն ընդհատվել Են 1914-18-ի առաջին աշխարհամարտի պատճառով։ Մեծ եղեռնի տարինեիին Արմ. Հայաստանի ամբողջ տարածքի վրա ոչնչացվել են հայ մշակույթի բոլոր կենտրոնները, դրանց հետ նաև՝ հազարավոր ձեռագիր մատյաններ։

1920-ի դեկտ. 17-ին, ՀԽՍՀ հեղկոմի դեկրետով պետականացվել է նաև Էջմիածնի Մատենադարանը, իսկ 1921-ի փետրվարի 5-ին Մատենադարանի հիմքի վրա ստեղծվել է Կուլտուր-պատմական ինստիտուտը՝ առաջին գիտական հաստատությունը Հայաստանում։ Կառավարության 1922-ի մարտի 6-ի կարգադրությամբ էջմիածին են վերադարձվել պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված Մատենադարանի ձեռագրերը։ 1939-ին Մ. Էջմիածնից տեղափոխել են Երևան և տեղավորել Պետական հանրային գրադարանի շենքի մի մասում։ 1945-ին սկսվել է Մատենադարանի համար հտուկ շենքի կառուցումը։ 1959-ին Մատենադարանը փոխադրվել է այս նոր շենք։

Էջմիածնի ձեռագրատան պատասխանատուներն են եղել Ներսես Սարկավագը (1662), Իսահակ Սարկավագը (1766), Գրիգոր Վարդազարյանցը (1819), Մանվել Գյումուշխանեցին (1828-30), այնուհետև՝ Հովհաննես Շահխաթունյանցը, Մակար Հովբյանցը, Դանիել Շահնազարյանցը, Գրիգոր Մուշեղյանցը, Ներսես Խուդավերդյանը, Սահակ Ամատունին, Գարեգին Հովսեփյանը, Մխիթար Վարդապետը (պաշտոնակատար), Մեսրոպ Տեր-Մովսիսյանը, Հուսիկ Մովսիսյանը, Գևորգ Չորեքչյանը։ 1920-ից հետո Մատենադարանի տնօրեններ են եղել Ա. ՏԵր-Հակոբյանը, Կ. Ղազարյանը, Ա Հասրաթյանը, Հ. Մանվելյանը, Ե. Թորոսյանը, Գ. Աբովը, Վ. Նալբանդյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Արևշատյանը (1982-ից)։

Մատենադարանի, որպես գիտահետազոտական հաստատության, խնդիրներն են. ա. հին ձեռագրերի պահպանությունը, վերականգնումն ու պատճենահանումը, բ. ձեռագիր հուշարձանների հավաքումը, գ. հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմումը, դ. կարևորագույն բնագրերի, ինչպես նաև հայկական մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությունն ու հրապարակումը, ե. համաշխարհային նշանակություն ունեցող միջնադարյան հայկական աղբյուրները ռուսական և եվրոպական լեզուներով հրատարակելը, զ. գիտահանրամատչելի գրքույկների միջոցով հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի մասսայականացումը։

1920-30-ական թվականներին Մատենադարանի հիմնական հավաքածունՄխիթար Գոշի արձանը Մատենադարանի առջև (հեղինակ՝ Ղ. Չուբարյան, 1967 թ.) համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, Խորհրդային Միության տարածքում գտնվող հայկական  վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինի Աանասարյան վարժարանից, Թավրիզի առաջնորդարանից, Դարաշամբից (մինչև 1946-ը՝ գյուղ Իրանի Մակու գավառում), Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։ Այս բոլորի հիման վրա ավելի ուշ՝ 1965–70-ին հրապարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը՝ երկու հատորով, իսկ 1984-ին արդեն՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա հատորը, տպագրության են պատրաստ Բ, Գ և Դ հատորները։ 1959– ից մինչև այսօր Մատենադարանը լույս է ընծայել ավելի քան 150 անուն գիրք։

Ներկայումս աշխարհի տարբեր գրադարաններում ու թանգարաններում (Երևան, Երուսաղեմ. Վենետիկ, Վիեննա, Նոր Ջուղա, Զմմառ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թիֆլիս, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Լոս Անջելես և այլուր) պահվող հայերեն ձեռագրերի թիվը շուրջ 30.000 միավոր է խոշորագույն հավաքածուն Մաշտոցյան Մատենադարանինն է. Մատենադարանի ձեռագրերի ընդհանուր թիվը առ 2000-ի հունվարի 1-ը 17 014 միավոր է, որից հայերեն ամբողջական ձեռագրեր՝ 11.085, հայերեն պատառիկներ՝2.105, հայերեն հմայիլներ՝ 462, նորագույն հայերեն ձեռագրեր՝ 327, օտարալեզու ձեռագրեր՝ 2 879 և անտիպ ձեռագրացուցակներ՝ 176:

Վերջին տասնամյակներում արագ կերպով սկսել է  աճել Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի հավաքածուն։

Հայ ժողովրդի գրավոր հնագույն հուշարձանները մագաղաթյա բեկորներ են V–VI դարերից, պահպանվել են նաև ամբողջական ձեռագրեր VII և հետագա դարերից, հին ժամանակների քարացած մատյաններ ու մագաղաթյա պատառիկներ են հայտնաբերվել քարայրերում։

Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը Մատենադարանի առջև (քանդ.՝ Ղ. Չուբարյան, 1967 թ.)Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը VII դ. ընդօրինակված մագաղաթյա մի Ավետարան է, որ հայտնի է Վեհամոր կամ Բանանցի Ծեր Ավետարան անունով և որի վրա երդում են տվել ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն (1991-ի նոյեմբերի 11 և 1996-ի նոյեմբերի 11) ու Ռոբերտ Քոչարյանը (1998-ի ապրիլի 9)։ Եզակի ձեռագրերից է նաև Լազարյան Ավետարանը, որ ունի ճշգրիտ թվական՝ 887։ Հնագույն թղթյա  հայ ձեռագիրը, որ գիտական ու պատմափիլիսոփայական երկերի ժողովածու է («Մատեան գիտութեան և հաւատոյ»), գրված է 981 –ին. կազմողն է Դավիթ քահանան, գրիչը՝ նրա որդի Ղուկասը։ Մատյանի հազարամյա հոբելյանի առթիվ 1995– ին Երևանում լույս է ընծայվել ձեռագրի նմանահանությունը։

Հայկական ձեռագրերն ունեն տարբեր չափսեր ու ծավալ, ամենամեծ ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որ ունի 56,3 X 70,5 սմ մեծություն և կշռում է 27,5 կգ, իսկ ամենափոքրը՝ 1434-ի «Տոնացոյցն» է, ոի ունի 3x4 սմ  մեծություն և կշռում է  19 գ։

Մատենադարանի ծրագրերում ուրույն տեղ է հատկացված Աստվածաշնչի քննական բնագրի պատրաստությանը, հրապարակված են արդեն «Ծննդոց», «Ելից» և «Ղևտացոց» գրքերի բնագրերը, հաջորդաբար լույս կտեսնեն նաև մյուս գրքերը։ Շարունակվում են «Պատմագիրք հայոց» մատենաշարի գծով տարվող աշխատանքները, լույս են տեսել Մովսես Խորենացու, Եղիշեի, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Արիստակես Լաստիվերցու, Կիրակոս ԳանձակԵցու, Առաքել Դավրիժեցու պատմությունների գիտաքննական բնագրերը։ Պատմական կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում նաև հայկական ձեռագրերի հիշատակարանները. հրապարակի վրա Են Ե-ԺԳ, ԺԴ, ԺԵ և ժէ դդ հիշատակարանների հատորները։

Ուշադրության կենտրոնում են միջնադարյան հայ փիլիսոփայության և իրավունքի եզակի հուշարձանները, հրապարակված են Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» և «Աստրախանի հայոց դատաստանագրքի» քննական բնագրերը։

Մովսես Խորենացու արձանը Մատենադարանի առջև (քանդ.՝ Ե. Վարդանյան,  1965 թ.)Միջնադարյան հայ գեղարվեստական գրականության բնագրերից տպագրվել են Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տղայի, Հովհաննես Երզնկացու, Պաղտասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի և այլ տաղերգուների ժառանգությունները։ Հրապարակի վիա է «Հայրենների» ամբողջական քննական բնագիրը։ Միջնադարյան արձակից տպագրվել են Խիկար Իմաստունի Ա պարսից Նուշիրվան արքայի խրատները։ Առանձին մենագրություններ են գրվել նվիրված Անանիա Նարեկացու, Ներսես Շնորհալու, Վարդան Արևելցու, Գևորգ Դպիր Պալատեցու և այլ հեղինակների կյանքին ու գործունեությանը։

Մատենադարանում ուսումնասիրվում են նաև հայկական բնագիտական հուշարձանները, լույս են տեսել Անանիա Շիրակացու և Հակոբ Ղրիմեցու տոմարագիտական աշխատությունները, բժշկապետներ Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Աբու Սաիդի, Ամիրդովլաթ Ամասիացու, Բունիաթ և Ասար Սեբաստացիների երկերը, 1296-ի կիլիկյան ձիաբժշկարանը։

Միջնադարյան հայ տնտեսական  մտքի ուսումնասիրության համար սկզբնաղբյուրային նշանակություն ունեն XVI-XIX դդ. ստեղծված առևտրական ձեռնարկներն ու հաշվեմատյանները։ Այս հուշարձանները ծրագրված է հրատարակել «Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշարով, հրապարակի վրա են Հովհաննես Տեր-Դավթյան Ջուղայեցու և Շահվելու որդի Սարհադի հաշվեմատյանները։

Զգալի աշխատանք է տարվում մանրանկաչական հուշարձանները հետազոտելու և հրատարակելու համար։ Լույս են տեսել «Հայկական մանրանկարչություն» (1967, 1969), «Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում» (1973), «Հայկական զարդատառեր», Վասպուրականի, Ղրիմի Արցախ-Ուտիքի մանրանկարչությունները, Հովհաննես Սանդղկավանեցի, Գրիգոր Տաթևացի ու Անանուն Սյունեցի մանրանկարիչների և այլոց գործերի ալբոմները։

Մատենադարանի գրապահոցներում պահվում է  հայ երաժշտական արվեստի հարուստ ժառանգություն։ Ջանքեր են գործադրվում լուծելու խազերի թնջուկը։

Մատենադարանում պահվում են նաև 100.000 միավորից ավելի միջնադարյան և նոր ժամանակաշրջանի փաստաթղթեր։ Այստեղ պահվում է կաթողիկոսական դիվանը, մի քանի անվանի հայագետների՝ Սենեքերիմ Տեր-Հակոբյանի, Լեոյի (Առաքել Բաբախանյան), ակադեմիկոսներ Ստեփանոս Մալխասյանցի, Հակոբ Մանանդյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Արշակ Ալպոյաճյանի և այլոց անձնական թողոնները։ Փաստաթղթերի մեջ կան կոնդակներ, նամակներ, պարսից շահերի ու թուրք, սուլթանների հրովարտակներ, շարիաթական-նոտարական գրասենյակներում կազմված արձանագրություններ։ Այս բոլորը Հայաստանի ու հարևան երկրների, պատմության ուսումնասիրության համար եզակի արժեք են ներկայացնում. «Դիվան Հայոց պատմության» նոր շարքով հրապարակվել է Ղուկաս Կարնեցու փաստաթղթերի Ա հատորը, լույս են տեսել պարսկական հրովարտակների, կալվածագրերի մի քանի ժողովածուներ, Կամենեց-Պոդոլսկի հայկական դատարանի արձանագրությունները, որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում լեհահայ գաղութի պատմության ուսումնասիրության համար։

Մատենադարանի տնօրինությունը հայ միջնադարյան մշակույթը Մատենադարան  այցելող հայ ու օտար հյուրերին ներկայացնելու նպատակով հայերեն ու օտար լեզուներով լույս է ընծայում «Հայ մշակույթ» և «Հայկական մանրանկարչություն» հանրամատչելի գրքույկների մատենաշարեր։

Մատենադարանը ձեռնարկել է ձեռագրերի նմանահանությունների (ֆաքսիմիլե) հրատարակությունը. արդեն հրապարակվել են Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկի 1280-ի ձեռագրի, ինչպես նաև Հակոբ Մեղապարտի տպագրած հայերեն առաջին գրքերից «Ուրբաթագրքի», «Պարզատումարի», «Տաղարանի» և հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» նմանահանությունները։ 1941-ից Մատենադարանը հրատարակում է «Բանբեր Մատենադարանի» ժողովածուն, ցարդ լույս է տեսել 16 հատոր։

Մատենադարանի տպագիր գրքերի բաժինը հագեցված է հայագիտական ու արևելագիտական գրականությամբ, որից օգտվում են թե՛ հանրապետության և թե՛ արտասահմանյան հայագետները։

Մատենադարանը  սերտ կապերի մեջ է ձեռագրական մշակույթի խնդիրներով զբաղվող արտասահմանյան գիտական ու թանգարանային հաստատությունների հետ, կատարում է գրքերի ու մանրաժապավենների փոխանակում։

Մատենադարանը  նաև տեսարժան վայր է, ամեն տարի հազարավոր հայ և օտարազգի հյուրեր այցելում և նրա ցուցասրահներում ծանոթանում են հայ ժողովրդի հոգևոր մշակույթի եզակի նմուշներին։

Մատենադարանի հեղինակության աճը մեծապես նպաստում է նաև ձեռագրերի հավաքչական աշխատանքներին, մերձակա ու հեռավոր արտասահմանյան երկրներում ապրող հայերը նվիրում են իրենց մոտ պահվող հայ ձեռագրական մշակույթի մասունքները, իսկ երբեմն նաև օտարալեզու գրչագրեր (Հ.  Հազարյանը՝ Նյու Յորքից նվիրել է 397, Վ. Սալաթյանը՝ Դամասկոսից՝150, Ռ. Մարկոսյանը՝ Փարիզից՝ 37 ձեռագիր, իսկ մեկ կամ երկու ձեռագիր նվիրողների թիվը հարյուրների է հասնում)։

Մատենադարանի շենքը (նախագծվել և կառուցվել է  1945–57-ին, ճարտ. Մ. Գրիգորյան) ունի քաղաքաշինական կարևոր դիրք, տեղադրված է Երևանի կենտրոնի հս–ում բարձրացող սարահարթի լանջին, Մաշտոցի պողոտայի առանցքով և եզրափակում է նրա հեռանկարը։ Կառուցված է բազալտ քարով։ Արտաքուստ լուծված է հայկական ճարտարապետությանը բնորոշ ձևերի մշակումով, իսկ ներքին տարածություններում կիրառված են հայ միջնադարյան ճարտարապետության բնորոշ առանձնահատկությունները, արվեստների համադրումը։ Գլխավոր ճակատի խորշերի մեջ են՝ «Մովսես Խորենացի» (քանդ. Ե. Վարդանյան, 1965), «Թորոս Ռոսլին» (քանդ. Ա. Շահինյան, 1967), «Գրիգոր Տաթևացի» (քանդ. Ա. Գրիգորյան, 1967), «Անանիա Շիրակացի» (քանդ. Գ. Բադալյան, 1963), «Մխիթար Գոշ» (քանդ. Ղ. Չուբարյան, 1967), «ֆրիկ» (քանդ. Ա. Նազարյան, 1967, բոլորը՝բազալտ) արձանները, իսկ դրանցից ցած, փոքրիկ հրապարակում՝«Մեսրոպ Մաշտոց» արձանախումբը, բազալտ (1967, քանդ. Ղ. Չուբարյան)։ Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հակական ճարտարապետության հուշարձանների մանրամասներ, խաչքարեր։ Շենքի նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), իսկ գլխավոր սանդղատան պատերին «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը 1956-59, երկուսն էլ՝ նկարիչ Վ. Խաչատրյան (Վան Խաչատուր)). 1980– ական թթ. Մատենադարանի շենքի հս. կողմի լեռան մեջ ստեղծվել է ստորերկրյա գրապահոց՝ ձեռագրերի անվտանգ պահպանության համար։ Գիտական աշխատանքների մասնաշենքը կառուցվել է 1988-89– ից (ճարտարապետներ՝ Ա. Մեսչյան, Կ. Հարությունյան)՝ Մատենադարանի հս-արլ. կողմում։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am