Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մարզահամերգային համալիր

 ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ Երևանի, կառուցվել 1 1984-ին, Ծիծեռնակաբերդ բլրի հյուսիս-արևմուտքում (ճարտ-ներ՝ Ա. Թարխանյան, Հ Պողոսյան, Ս.  Խաչիկյան, Կ. Հակոբյան, Գ Մուշեղյան, կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյան, Գ. Ազիզյան)։ Բազմագործառական նշանակության ճարտարապետ-ինժեներ համալիր է՝ հանրապետական և միջազգային միջոցառումներ, կոնգրեսներ, համագումարներ, կինոփառատոներ, մարզական մրցումներ, բալետային ներկայացումներ, համերգներ ևն անցկացնելու, ցուցահանդեսներ կազմակերպելու համար։ Մտահղացված է որպես մոնումենտալ հասարակական կառույց։ Ընտրված կոնստրուկտիվ կառուցվածքը, որ ձևաստեղծ դեր է խաղում, տարածությունների ընդլայնված կազմը կանխորոշել են մասշտաբը՝ համապատասխան քաղաքաշինական նշանակությանը։ Լենինգրադյան փողոցից դեպի շենք՝ վերելքի տարածական հետաքրքիր հորինվածք ունի, դարավանդաձև դասավորված ջրավազաններ, խանութներ, երկու կողմում գտնվող լայն, անընդհատ սանդուղքներ ու շարժվող մայթեր՝ մինչև գլխա մուտքի առջևի բաց հարթակը։ Առկա է ճարտարապետական խնդիրների լուծման նոր ուղիների ձգտում։ Հատակագծային կառուցվածքը թելադրված է շենքի գործառական լուծմամբ։ Մեկ միասնական ծավալում միավորված են երկու տարաբնույթ՝ մարզական միջոցառումների (5000 տեղ, բեմահարթակով), համերգային (1200 տեղ, բեմով) դահլիճները և նրանց միջև պտտվող նստատեղեր 1000 հանդիսատեսի համար՝ ի հարկի ավելացնելով մարզ, կամ համերգային միջոցառման հանդիսականների թիվը։ Մարզական  դահլիճը նախատեսված է նաև էստրադային ներկայացումների համար։ Սառցի ասպարեզը (61,0 մ X 30,0 մ) կառույցի հորինվածքային կենտրոնն է։ Երկու դահլիճների համար ընդհանուր կենտր նախասրահը (1300 մ կառույցի հատակագծային հորինվածքի գերակշռող մասն է կազմում, որի շուրջը տարբեր մակարդակների վրա խմբավորված են ճեմասրահների շքեղ տարածությունները։ Համերգային դահլիճը նախատեսված է նաև թատերական և օպերային ներկայացումների համար։ Ներքին տարածության մեջ ընդգծված են երկշարք յարուսները։ Դահլիճի ձևավորման ամբողջության մեջ է օքրա-կարմիր երանգներով կատարված «Վերածնունդ» գոբելեն-վարագույրը (1987, նկարիչ՝ Գ. Խանջյան, գոբելենի վարպետներ՝ Կ. Եղիազարյան, Կ Ավետիսյան)։ Հանդիսատեսային տարածություններին հարում են մեկուսացված ներքին բակերը, որոնք ստեղծվել են շենքը երեք կողմից գրկող շրջանաձև ստիլոբատի շնորհիվ, որը միևնույն ժամանակ ծածկերի հենարանն Է։ Կառույցի կոնստրուկտիվ լուծումը հավաքովի-միաձույլ է։ Ծածկերի կամարային թաղանթները, հենվելով չորս զույգված հենարանների վրա, միմյանց ծայրակցվում են՝ կազմելով երկայնական առանցքով ձգված խաչվող թաղեր։ Այսպիսի կոնստրուկտիվ լուծումով էլ  պայմանավորված է կառույցի գեղարվեստատարածական  կերպարը։ Գլխավոր  ճակատում բարձրաքանդակների մեծադիր (6,3 X 60 մ) կոմպոզիցիան է (քանդ. Ֆ.  Առաքելյան), որի բարդ հորինվածքում մարմնավորված է հայ ժողովրդի աշխատանքը, գիտությունը, խաղաղության ու վերածննդի ձգտումը, կառույցի ճարտարապետների, շինարարների, պատվիրատուի դիմաքանդակներ։ Բնորոշ է կերպարների և երևույթների մեծ  ընդհանրացումը։ Հետաքրքիր է հարթաքանդակի կարմիր և կառույցի մերկ բետոնի հակադրման գեղարվեստական լուծումը։ Կառույցի հորինվածքն աչքի է ընկնում ամբողջությամբ և մոնումենտալությամբ։ Խոշոր մասշտաբը համապատասխանում է միջավայրին, որտեղ առկա են քաղաքաշինական կարևոր գործոններ՝ Ծիծեռնակաբերդի բլուրը, Հրազդանի կիրճը, Մեծ կամուրջը և մայրուղին։ 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի: 1999-ից կոչվել է Կարեն Դեմիրճյանի անունով։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am