ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մաքսիմ Սահակի (ծ. 9.9. 1931, Երևան), բալետի արտիստ, բալետմայստեր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), ՌԴ ժողովրդական արտիստ (1973): Մ.Ա. Մարտիրոսյանի եղբայրը: Ավարտել է Երևանի պարարվեստի (1950) և Մոսկվայի (1952) ակադեմիայի պարարվեստի ուսումնարանները, Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը (1967): 1952-59-ին՝ ԵՊՈԻ- դասատու, 1959-71- ին՝ գեղարվեստական  ղեկավար, 1987-ից՝ գլխ. խորհրդատու: 1952-67-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1967-71-ին և 1988-89-ին՝ գլխավոր բալետմայստեր, 1989-92-ին՝ բալետմայստեր, 1971-87-ին՝ Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավար, 1977- 78-ին՝ Սան Պաուլոյի (Բրազիլիա), 1992-97-ին՝ Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստեր, 1997-ից՝ Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Երևանի օպերայի և բալետի թատրոնում Մարտիրոսյանը բեմադրել է Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1967), Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1970, Վորոնեժում՝ 1972, Ուլան Ուդեում՝ 1973, 1-ին մրց., Մոսկվայի Մեծ թատրոնում՝ 1984), Դելիբի «Կոպելիա» (1989, Մոսկվայի Մեծ թատրոնում՝ 1977), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտ» (1998), Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2004), Կ. Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983, Մոսկվայի Մեծ թատրոն) ևն: Դերապարերից են՝ Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Զիգֆրիդ (Չայկովսկու «Կարապի լիճը»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարեն (Ա. Խաչատրյանի «Գայանե»): ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2001):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am