ՄԱՆՐԱԿԵՐՏ (ճարտարապետության մեջ), նախագծվող կամ կառուցված շենքի, անսամբլի, քաղաքի և այլնի ծավալատարածական կերտվածքը (գիպսից, փայտից, պլաստմասսայից, ստվարաթղթից և այլ նյութերից)։ Լինում է տարբեր մասշտաբների (առանձին դեպքերում՝բնական չափով)։ Բնօրինակը վերաստեղծում են մոտավոր ձևով կամ բոլոր մանրամասներով (այս դեպքում կոչվում է մոդել)։ Մանրակերտ արվում է ճարտարապետական հորինվածքը ստուգելու և կատարելագործելու նպատակով։ Մանրակերտները թանգարանների կարևոր ցուցանմուշներից են։

Հայ ճարտարապետության մեջ լայնորեն տարածված են եղել դեռևս վաղ միջնադարում։ Ըստ բնույթի չորս տեսակ են՝ նվիրան, նշխարատուփ, նախակերպար և ճակտոնազարդ։ Նվիրան Մանրակերտները շենքերի ճակատների հարդարանքի բաղկացուցիչ մասն են՝ պատկերված մեկենասի, թագավորի կամ իշխանի ձեռքին (Աթենի, VII դ. Աղթամար, Հաղպատ, Սանահին, X դ., Գագկաշեն, XI դ., Հաղարծին, Գանձասար, Դադիվանք, XIII դ.)։ Մանրակերտ-նշխարատուփերը դրվել են եկեղեցիների ներսում (Հաղպատ, Սանահին)։ Նախակերպար Մանրակերտները (գտնված՝ Անգեղակոթում, VII դ., Անիում, XII դ, Սիսիանում, XIII դ.) ծառայել են կառուցվող շենքի ծավալ, նախագծման համար։ Մանրակերտ- ճակտոնազարդերը դրվել են եկեղեցիների տանիքներին, որպես կառույցի հարդարանքի տարր (Հաղպատ, Բարձրաքաշ Ս.Գրիգոր, X դ., Գեղարդ, Ամաղու Նորավանք, Գանձասար, XIII դ., Հառիճավանք, XIII դ.)՝ հաճախ ամենայն մանրամասնությամբ վերարտադրելով շենքի հորինվածքն ու նույնիսկ հարդարանքը։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am