Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մանկական երաժշտություն

 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ մանուկների կատարման կամ նրանց ունկնդրման համար նախատեսված երաժշտություն։ Ընդգրկում է բազմազան ժանրեր՝ երգ, խմբերգ, կանտատ, գործիքային և նվագախմբային երկեր, օպերա, բալետ ևն։ Մանկական երաժշտության լավագույն նմուշներին հատուկ է կերպարների գունեղությունն ու կոնկրետությունը, արտահայտչամիջոցների պարզությունն ու ձևակառուցման հստակությունը, բովանդակության անկաշկանդ ծավալումը։ Ունի հնագույն ծագում՝ կապված ժողովրդական երաժշտության հետ։

Հայաստանում մանկական երաժշտությունը XIX դ. վերջին  և XX դ. սկզբին հանդես է եկել իբրև ազգային պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի գոյացման և զարգացման ուղիներից մեկը։ Կոմիտասը, կարևորելով մանկական երաժշտությունը, ստեղծել է ժողովրդական երգերի մշակումների պարզեցված տարբերակներ՝ նախատեսված պատանիների համար, նաև հորինել հատուկ մանկական երգեր։ XX դ. սկզբին մանկական երաժշտության ասպարեզում ստեղծագործող հայ կոմպոզիտորներից շատերը նաև մանկավարժներ էին (տես «Երաժշտական լիգա»)։ Մանկական երաժշտության ասպարեզում նշանակալից ավանդ են ներդրել Ռ. Մելիքյանը, Ս. Մելիքյանը, Ա. Մանուկյանը, Կ. Զաքարյանը, Մ. Մազմանյանը, Մ. Միրզոյանը, Ա. Մայիլյանը, Ա. Բարխուդարյանը, Դ. Ղազարյանը, Հ. Ստեփանյանը, Վ. Տալյանը, Ա. Խաչատրյանը, Վ. Արարատյանը, Մ. Գալիկյանը, Ա. Ջրբաշյանը։ Հայ երաժշտության մեջ առանձնապես նշանակալից են Գ. Չթչյանի. Մ. Նաղդյանի, Ա. Օհանյանի, Է. Միհրանյանի, Ռ. Ամիրխանյանի, Ռ. Պետրոսյանի, Ա. Լուսինյանի, Ե. Երկանյանի, Ա. Լուսիկյանի մանկական երկերը։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am