ՄԱՆԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ, 1. մանուկների ուժերով խաղացվող ներկայացումներ։ Սկզբնավորվել է, այսպես կոչված, դպրոցական թատրոնից (տես Դպրոցական դրամա)։ Խորհրդային տարիներին եղել է մանկական ինքնագործունեության տեսակներից, կազմակերպվել պիոներների և դպրոցականների պալատներում, դպրոցներում, ակումբներում։ 2. Մանուկների դաստիարակությանը ծառայող պրոֆեսիոնալ թատրոն։

Առաջին հայկական մանկական թատրոնը ստեղծվել է  Թիֆլիսում, 1927-ին (տես Թբիլիսիի պատանի հանդիսատեսի հայկական թատրոն

1929-ին կազմակերպվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, 1935-ին Գյումրու տիկնիկային թատրոնը և Երևանի տիկնիկային թատրոնը, 1987-ին՝ Երևանի Մարիոնետների թատրոնը, 1988-ին Մանկական երաժշտական թատրոնը 1991-ին՝ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի թատրոնները, 1993-ին՝ Վանաձորի տիկնիկային թատրոնը 1931 -36-ին Գյումրու դրամատիկական թատրոնին կից գործել է պատանի հանդիսատեսի թատրոն։ Գործում են նաև «Նորք» թատրոնին կից (1987), «Ագուլիս» շրջիկ (1988), Վանաձորի «Արձագանք» (1988), Շուշիի (1994), Չարենցավանի (1994), Հայաստանի տիկնիկային արվեստի գործիչների միության (1994) և այլ տիկնիկային թատրոններ։ Հայկական մանկական թատրոնները յուրովի են օգտվել միութենական նույնատիպ թատրոնների փորձից, խաղացանկից, գաղափարագեղարվեստական և մանկավարժական հիմնական սկզբունքներից, թարգմանական պիեսներին հաղորդել հայ մանկան և պատանու հոգեբանությանը համահնչուն երանգներ, որոնել ազգային բնորոշ արտահայտչամիջոցներ։ Մանկական ներկայացումներ են բեմադրում նաև մեծահասակների՝ Երևանի Սպենդիարյանի անվ., Սունդուկյանի անվ., Ստանիսլավսկու անվ. ռուսական, Համազգային, «Մետրո», Գյումրու դրամատիկ, և այլ թատրոններ։ Մանկական թատրոնի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Տ. Շամիրխանյանը, Ա Աղասյանը, Ս. Քոչարյանը, Ա. Աբարյանը, Հ.Ղափլանյանը, Տ. Տատինցյանը, Ե. և Հ. Ղազանչյանները, Ե. Մանարյանը, Ա. Գամջյանը, Ռ. Մարուխյանը, Մ. Ասլանյանը, Հ.Վարձիգուլյանը, Տ. Քահալյանը, Ա. Սաֆարյանը, դերասան-դերասանուհիներ Ն. Մանուչարյանը, Պ. Գևորգյանը, Պ. Սանթրոսյանը, Մ. Թամրազյանը, Ն. Դալլաքյանը, Է. Վարդանյանը, Գ. Ստամբոլցյանը, Տ.  Տեր-Կարապետյանը, Ն Չալիկյանը, Վ. Հարությունյանը, Հ. Երեմյանը, Պ. Բորոյանը, Ժ Պետրոսյանը, նկարիչներ Գ.Վարդանյանը, Ժ. Առաքելյանը, Ա Սարգսյանը և ուր.։ Մանկական թատրոնների համար պիեսներ են գրել Ա.Արաքսմանյանը. Ե. Մանարյանը, Ա. Մուրադյանը, Վ. Վարդանյանը, Պ. Մարտիրոսյանը, Հ.Ղափլանյանը, Ա.Շայբոնը, Գ Յաղջյանը, Ռ. Մարուխյանը, Ա. Շահինյանը, Ա.Հարությունյանը և ուր.։


Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am