ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ Հայաստանի, մանկական ստեղծագործության պատկերասրահ։ Հիմնվել է 1970– ին, Երևանում՝ 1968-ին Հայաստանի նկարչի տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսի հիման վրա, արվեստաբաններ Հ. Իգիթյանի և Ժ. Աղամիրյանի նախաձեռնությամբ։ Մանկական պատկերասրահն ունի մշտական ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անհատական և թեմատիկ ցուցահանդեսներ։ Թանգարանը կերպարվեստի մանկական ստեղծագործություններ է ստանում ԱՊՀ և աշխարհի տարբեր երկրներից, կատարում փոխանակումներ։ 1975– ին Անգլիայի վարչապետ Հարոլդ Վիլսոնը պատկերասրահին է նվիրաբերել անգլիացի երեխաների 100 աշխատանք։ Մանկական պատկերասրահի ֆոնդերում (1999) կա մոտ 200 հզ. ցուցոն (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, խեցեգործություն, ապլիկացիա, գորգ, կարպետ, ձեռագործ)՝ աշխարհի մոտ 120 երկրներից։ Թանգարանի ֆոնդերից աշխատանքներ են ուղարկվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխիայում, Սլովակիայում, Ճապոնիայում և այլ երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին, 1997-ին՝ Երևանում, ՀՆՄ ցուցասրահում բացված՝ աշխարհի 160 երկրների Երեխաների (400 գործ)՝ «Ֆուջիյամայից Արարատ» նկարահանդեսին։ 1978-ին, Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի համալիրի հիմնադրումով, Մանկական պատկերասրահը վերածվել է Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի (մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Կապանում, Սևանում, Սպիտակում, Մեղրիում)։ Համալիրն ունի ղեկորատիվ կիրառական արվեստի կերպարվեստի ստուդիաներ, ֆիլհարմոնիա, թատրոններ, կինոստուդիա։ ՄԱԿ-ի 50-ամյակի առթիվ ՅՈՒՆԻՍԵֆ-ը (ՄԱԿ-ի մանկական ֆոնդ) լույս է ընծայել 1996-ի օրացույց՝ Մանկական պատկերասրահը 13 նկարների վերատպությամբ (շապիկին 8 տարեկան Լիլիա Մարկոսյանի գործն է և 12 երկրների երեխաների աշխատանքները՝ ըստ ամիսների)։ Օրացույցը կազմել և մանկական պատկերասրահի գործունեության մասին հոդվածը գրել է բարերար Ռիտա Պալյանը (ԱՄՆ)։ Մանկական պատկերասրահն աշխարհում մանկական ստեղծագործության առաջին թանգարանն է։ 1976 թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի (1976)։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am