ՄԱՆԱԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ,  հնում՝ ոստայնանկություն, միջին դարերում և հետագայում՝ նաև ջուլհակություն, մանած թել՝ մանվածք պատրաստելու (նախկինում ջուլհակությունից անջատ զբաղմունք), այդ թելերից գործվածքներ հյուսելու արհեստը։ Մարդու հնագույն զբաղմունքներից է։ Սկզբնավորվել է բույսերից ու խոտերից կողով, զամբյուղ, խսիր գործելով և հասել բարդ գործվածքների ստացմանը։ Մանածագործության զարգացումն առավելապես կապված է երկրագործության և անասնապահության առաջացման ու ընդլայնման հետ։ Դրանք մատակարարել են Մանածագործության անհրաժեշտ հումքը (կանեփ, վուշ, բամբակ, մազ, բուրդ ևն)։

Հայկական լեռնաշխարհում մանածագործությունը զարգացած արհեստ էր դեռևս բրոնզի դարում և ուրարտական ժամանակաշրջանում (նուրբ ու խավոտ հաստ գործվածքների պատառիկներ գտնվել են Կարմիր բլուրում՝ Թեյշեբաինի քաղաքի միջնաբերդում)։ Միջնադարյան Հայաստանի քաղաքային արհեստավարժ Մանածագործության մեջ գործածվել են ուղղաձիգ և երբեմն հորիզոնական հորագործ (ոտքերով աշխատելուն հարմարեցված փոս, հոր) դազգահներ, որոնք գյուղերում օգտագործվածների կատարելագործումներն էին։

Մանածագործության մեջ տարբերակվել են տարբեր թելերով գործելու արհեստները։ Բրդե գործվածքների (ասվե) արտադրությունը կոչվել է ասվեգործություն, վուշի թելից գործվածքներինը՝ կտավագործություն, մետաքսաթելինը՝ մետաքսագործություն։ Արտադրվել են ամեն տեսակի գործվածքներ։ Հին Հայաստանում գործվածքը հայտնի էր ոստայն, հյուսվածք, անկված, բանվածք անուններով։ Հայ և արաբ հեղինակները մեծ դրվատանքով են խոսել Դվինում և այլ քաղաքներում արտադրվող հայկական գործվածքների՝ վուշից պատրաստվող բեհեզի, որդան կարմիրով ներկված մետաքսաթել ծիրանիի, կերպասի, բրդից, բամբակից և մետաքսից գործված թավշի, ոսկեթել, ոսկեհուռ, ոսկեգույն և արծաթագույն թելերով հյուսված ծաղկանկար դիպակների՝ միջազգային առևտրի՝ նման բարձրարժեք առարկաների մասին։ XIX դ Հայաստանում աստիճանաբար առաջացել են մանածագործական  ձեռնարկություններ, որի հետևանքով տնայնագործ մանածագործությունը զգալիորեն կորցրել է իր նշանակությունը։ Մանածագործությունն այժմ թեթև արդյունաբերությյան կարևոր ճյուղերից է։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

Աբրահամյան Վ.Ա.. Արհեստները Հայաստանում IV-XVIII դդ., Ե., 1956։ 

Առաքելյան Բ.Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., հ. 1, Ե.. 1958։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am