Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Մալաթիայի գրչության կենտրոն

 ՄԱԼԱԹՒԱՅԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, միջնադարյան հայ հոգևոր և մշակութային կենտրոն։ Կենտրոնում ստեղծված մեզ հայտնի հնագույն ձեռագիրը (Երևանի Մատենադարան, ձեռ. N 3784) ընդօրինակել է Թովմաս Գրիչը՝ 1057-ին։ Հարուստ նկարազարդված այս ձեռագիրը Փոքր Հայքի շրջանում ստեղծված մի քանի ձեռագրերի հետ մանրանկարչական ինքնատիպ ուղղություն է ներկայացնում. Հայտնի են 1092, 1125, 1137 թթ. Մալաթիայում հունարենից հայերեն թարգմանված մի շարք վարքեր։ XIII դ այդ կենտրոնում գործել են դպրապետ Վասիլ Մելիտենեցին, Սիմեոն արքեպիսկոպոսը, Արիստակես րաբունապետը, Անանիա դպիրը, Գրիգոր կազմարարը։ 1438-ին Դավիթ աբեղան այստեղ ընդօրինակել է Գանձարան, 1493-ին Սահակ կրոնավորը, որն աշխատել է Մալաթիայի եպիսկոպոսանիստ Ս. Լուսավորիչ վանքում, ընդօրինակել է Ավետարան։ Գրչության կենտրոնի մեզ հասած վերջին ձեռագրերից են 1577-ին (գրիչ՝ Գրիգոր), 1590-ին (գրիչ՝ Մարտիրոս), 1650-ին (գրիչ՝ Հովհաննես) ընդօրինակած մատյանները (Մատենադարան, ձեռ. 9471, 1253, 1856)։

 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե-ԺԲ դդ., աշխատասիր. Ա. Մաթևոսյան, Ե., 1988։

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am