ՋԱԶ (անգլ.՝ jazz), երաժշտության տեսակ: Սկզբնավորվել է ԱՄՆ-ի հվ. նահանգներում, XIX դ. 80-ական թթ.: Ջազի հիմքում ընկած է ամերիկյան նեգրերի հոգևոր (սպիրիչուելս) և աշխարհիկ (բլյուզ) երգը, առանցքն է իմպրովիզացիոն բնույթը, ռիթմի և հարմոնիկ հենքի (8-12-16 տակտ) պարբերականությունը: Առաջին ջազ-նվագախումբը Հայաստանում ստեղծվել 11938-ին (տես Հայաստանի էստրադային նվագախումբ): Հայկական Ջազը ծաղկում է ապրել XX դ. 2-րդ կեսից: 1998-ին և 2000-ին կազմակերպվել են միջազգային փառատոներ Երևանում: Հայկական ստեղծագործական և կատարողական Ջազը հենվում է ազգային երաժշտության ռիթմիկ և ինտոնացիոն առանձնահատկությունների վրա: Միջազգային ճանաչում ունեն դաշնակահարներ Լ. Մալխասյանի, Դ. Ազարյանի և Ա. Քարթալյանի եռյակները, սաքսոֆոնահարներ Ա. Զաքարյանը, Գ. Գարանյանը, Ա. Հյուսնունցը, փողհար Ա. Թովմասյանը, կոնտրաբասահարներ Ա. Բակունցը, Ս. Դոլմազյանը, Ն. Վարդանյանը, երգիչներ Տ. Հովհաննիսյանը, Արամոն (Արամ Գևորգյան), դաշնակահար Վ. Հայրապետյանը, թմբկահարներ Ռ. Յոլչյանը, Ա. Թութունջյանը, Վ. Բունիաթյանը, Ա. Աղամյանը: Ջազի բնագավառում ստեղծագործում են կոմպոզիտորներ Կ. Օրբելյանը, Ս. Շաքարյանը, Ե. Երզնկյանը, Մ. Վարդազարյանը, Մ. Մավիսակալյանը, Ա. Մարտիրոսյանը և ուր.:


Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am