Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, մինչև 1991-ը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ պետական սիմֆոնիկ նվագախումբ, հիմնադրվել է 1941-ին, Երևանում։ Գեղարվեստական  ղեկավար, գլխավոր  դիրիժոր` Կ. Սարաջև (1941-45), դիրիժոր՝ Ի. Խարաջանյան (1941-46)։ Առանձնապես մեծ էր Կ. Սարաջևի դերը նվագախմբի պրոֆեսիոնալ մակարդակի և գեղարվեստական սկզբունքների ձևավորման գործում։ 1942-ին նվագախումբը Մ. Թավրիզյանի ղեկավարությամբ կատարել է Դ. Շոստակովիչի  Յոթերորդ («Լենինգրադյան») սիմֆոնիան։ Կարճատև ընդմիջումից հետո, 1945-ից շարունակել Է գործունեությունը Մ. Մալունցյանի ղեկավարությամբ (1945-60 և 1965-67)։ 1960–65-ին նվագախմբի գլխավոր  դիրիժոր և գեղարվեստական ղեկավարն էր Օ. Դուրյանը, 1967-70-ին՝ Ռ.Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի   գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ  Թոփչյան Վարդանյանը, 1970-73– ին՝ Ա. Քաթանյանը, 1974-81-ին՝ Դ. Խանջյանը, 1981-85-ին՝ Վ. Գերգիևը, 1986-ին՝ Ռ. Մանգասարյանը, ապա՝ Մ. ՆԵրսիսյանը, 1987–89–ին՝Վ. Պապյանը, 1989-1998 7 1999-2000` Լ. Ճգնավորյանը, 2000-ից Է. Թոփչյան:  Նվագացանկն ընդգրկում է հայ, ռուսական,  արևմտաեվրոպական դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Ելույթներին մասնակցել են ականավոր մենակատարներ (դաշնակահարներ՝ Է. Գիլելս, Ա. Բաբաջանյան, Լ. Օբորին, Հ. Նեյգաուզ, Վ. Կլայբեռն, Ն. Պետրով, ջութակահարներ՝ Ա. Գաբրիելյան, Ժ. Տեր-Մերգերյան, Լ. Կոգան, Դ. Օյստրախ, Մ. Օկլեր, թավջութակահարներ՝Մ. Ռոստրոպովիչ, Մ. Աբրահամյան, երգիչներ՝ Հ. Դանիելյան, Գ. Գասպարյան, Պ. Լիսիցյան և ուրիշներ) ու դիրիժորներ  (Ա. Մելիք-Փաշաև, Գ. Բուդաղյան, Օ. Դիմիտրիադի, Կ. Ցեկկի, Վ. Ֆեռերո, Մ. Լեռու, Ֆ. Կոնվիչնի, Լ. Շոմոդի, Վ. Սմետաչեկ, Տ. Հաննիկայնեն, Պ. Կլեցի, Հ. Յաղճյան և ուրիշներ)։ 

Նվագախմբի հետ հեղինակային համերգներ են տվել Ա. Խաչատրյանը, Ռ. Գլիերը, Դ. Կաբալևսկին, Լ. Կնիպպերը, Օ. Թաքթաքիշվիլին և ուրիշներ։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը  պարբերաբար կազմակերպում է գրողների, արվեստագետների, տարբեր երկրների նվիրված համերգաշարեր, սիմֆոնիկ երաժշտության փառատոներ («Աշխարհը և մենք», «Արամ Խաչատրյան-90», «Մոցարտ-200», «Եղեռնից մինչև անկախություն, եղել ենք, կանք ու կլինենք» ևն), 1994-ից՝ «Հոգևոր երաժշտության ժամ» համերգաշարը (մինչև 2001 թ.)։ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին կից 1994-ին ստեղծվել է երգչախումբ (90 երգիչ-երգչուհիներ, խմբավար՝ Գ. Մուրադյան)։ Ելույթներ է ունեցել ԱՊՀ մի շարք քաղաքներում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Իրանում և այլուր։
 

Գրականության ցանկ

«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am