Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Գիտությունը Հայաստանում (1991-2000 թթ.)

 Գիտությունը Հայաստանում  (1991-2000 թթ): ԽՍՀՄ-ի գոյության պայմաններում Հայաստանի գիտությունր հանդիսանում էր է Խորհրդային Միության երբեմնի հզոր ու միասնական գիտական համալիրի օրգանական բաղադրիչը: Այստեղ, ըստ էության, գոյություն չունեին ֆինանսավորման կամ նյութատեխնիկական ապահովման խնդիրներ:

Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանը գիտության զարգացման ցուցանիշներով առաջնակարգ դիրքեր էր զբաղեցնում նախկին միութենական հանրապետությունների գիտական հանրությունների շրջանակում: Բայց Հայաստանի անկախացումից հետո ստեղծված տնտեսական ծանր վիճակը և  նյութական և ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը, գիտական տեղեկատվության սղությունը հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացման: Քանդվեցին հիմնարար ու կիրառական գիտությունների և արտադրության միջև գոյություն ունեցող փոխադարձ կապերը, փլուզվեցին ժամանակին մեծ համբավ ձեռք բերած գիտական դպրոցները, խաթարվեց գիտական և գիտամանկավարժական կադրերի վերարտադրության՝ տասնամյակների ընթացքում ձևավորված համակարգը, կազմալուծվեց գիտական արդյունավետ հետազոտությունների նյութատեխնիկական հիմքը: Հանրապետությունում վարվող արմատական-ազատական բարեփոխումների քաղաքականության ընդհանուր հայեցակետում գիտությունը դիտարկվում էր որպես չափազանց ծախսարար և անթույլատրելի ճոխություն և, որպես կանոն, պետական միջոցներից ֆինանսավորվում էր մնացորդային սկզբունքով:

Պետության կողմից ոչ հոգատար վերաբերմունքի հետևանքով Հայաստանի ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը՝ մոտ 80%-ը, որ նախկինում կուտակել էր նյութատեխնիկական զգալի պաշարներ, գիտական և ինժեներատեխնիկական կադրեր, քայքայվեց, իսկ ղրանցում մնացողները, նախկին միութենական գործընկերների հետ համատեղ կատարվող մշակումների ֆինանսավորման շնորհիվ, հազիվ կարողացան գոյատևել:

Հանրապետության գիտական համալիրի քայքայումը հանգեցրեց գիտական կադրերի («ուղեղների») արտահոսքի: Միայն ՀՀ ԳԱԱ-ի համակարգից 1991-1995 թթ. հեռացել էր 800 գիտաշխատող, որոնցից 200-ը մշտական բնակության էր մեկնել արտասահմանյան երկրներ: Երկրից մեկնածների թվում գերակշռում էին ազգային գիտության առավել օժտված և կարողունակ ներկայացուցիչները, հատկապես երիտասարդ և միջին տարիքի գիտնականները, որոնք ակնառու հաջողությունների էին հասել իրենց ընտրած ասպարեզում:

Հայաստանի գիտության ոլորտին բնորոշ կադրային տեղաշարժ էր կատարվում նաև ներքին արտահոսքի միջոցով: Գիտնականներից շատերը, որոնք միջոցներ չունեին արտասահման մեկնելու, թողնում էին գիտական աշխատանքը և տեղափոխվում գործունեության այլ ասպարեզներ, որտեղ հնարավոր էր քիչ թե շատ վաստակ ունենալ և մի կերպ ապահովել իրենց ընտանիքների գոյությունը:

Անկախության պայմաններում հնարավորություն էր ստեղծվել օգտակար կապ հաստատել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ, ուսումնասիրել և կիրառել գիտության կազմակերպման համաշխարհային փորձը: Հատկանշական է, որ Հայաստանի գիտական ներուժի հսկայական հնարավորությունների օգտագործման մեջ մեծ հետաքրքրություններ էին դրսևորում ոչ միայն Արևմուտքի համալսարաններն ու գիտահետազոտական կենտրոնները, այլև ռազմական բնույթի, մասնավորապես Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կառույցները: Հայաստանի գիտնականների արտասահմանյան երկարաժամկետ գործուղումների մեծ մասը ֆինանսավորում էին «Հումբոլդտի» (ԳՖՀ), «Բենջամին Ֆրանկլինի» (ԱՄՆ), «Սորոսի» (ԱՄՆ) հիմնադրամները, INTAS-ը  (ԱՄՆ), TACIS-ր (եվրամիություն) և այլն:

Հայաստանի գիտության համար լուրջ  ձեռքբերում եղավ ակադեմիական համակարգչային տեղեկատվական ցանցի ստեղծումը: 1994 թ. ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում կատարված աշխատանքները թույլ տվեցին ստեղծել Հայաստանում առաջին ռադիո մոդելային ցանցը և «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ պատրաստված վերգետնյա արբանյակային հանգույցի միջոցով ապահովել ելք դեպի ինտերնետ: Առաջին ինտերնետային կապի միջոցով կառավարության, արտասահմանյան հայկական բարեգործական կազմակերպությունների և միջազգային դրամաշնորհների օժանդակությամբ հաջողվեց մի քանի տարվա ընթացքում ստեղծել ՀՀ ԳԱ տեղեկատվական ցանց: Հայ գիտնականները սկսեցին ավելի շատ ղրամաշնորհներ շահել միջազգային գիտական ծրագրերի, տեղեկատվական աջակցության, գիտական աշխատությունների հրապարակման, նոր գիտական սարքավորումների ձեռքբերման և այլ ասպարեզներում:

Անկախության պայմաններում գիտական համակարգի վերափոխմանը նպաստեցին մի շարք օրենքներ ու որոշումներ, որոնցից իր կարևորությամբ առանձնանում էր. 2000 թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը:

                                                                                             Մինասյան Է.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am