ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ (Բեկ-Նազարով) Համո (Համբարձում) Իվանի [19(31).5.1892, Երևան - 27.4.1965, Մոսկվա], կինոռեժիսոր, կինոդերասան: ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ (1935): Գ.Ի. Բեկնազարյանի եղբայրը: Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը: Ակտիվորեն մասնակցել է նաև Վրաստանի, Ադրբեջանի կինեմատոգրաֆիայի ստեղծմանն ու զարգացմանը: Ավարտել է Մոսկվայի Առևտրային ինստիտուտը (1928): 1915-19-ին նկարահանվել է ռուսական կինոյում: 1921-ից՝ Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ պետկինոարդի ստուդիայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար: Նկարահանել է «Անարգանքի սյան մոտ» (1923), «Նաթաելլա» (1925) և այլ ֆիլմեր: 1925-ից աշխատել է Երևանում: Բեկնազարյանի «Նամուս» (1925) ֆիլմով հիմք է դրվել ազգային գեղարվեստական կինեմատոգրաֆիային և հայկական կինոյի ռեալիսական ուղղությանը: Հայկական համր կինոյի լավագույն նմուշներից են Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» (1926), «Խասփուշ» (1927) և այլ ֆիլմեր: Վոստոկ-կինո ստուդիայում (հիմնադիրներից՝ Բեկնազարյան) նկարահանել է «Իգդենբու» (1930, նանայական), «Շքանշանով մարդը» (1931, չեչեն.) և այլ ֆիլմեր: Հայկական ազգային կինոյի նվաճումներից է Բեկնազարյանի «Պեպո» (1935) հայկական առաջին հնչուն կինոնկարը: Ֆիլմերից են նաև՝ «Զանգեգուր» (1938, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1941 ), «Դավիթ Բեկ»  (1944) ևն: Բեկնազարյանը նկարահանել է նաև՝ «Սաբուհի» (1941, Բաքվի կինոստուդիա), «Նասրեդդինը Խոջենթում» (1959, Տաջիկական ստուդիա, Է. Քարամյաևի հետ) ևն: Կինոնկարների էպիկական թափով, ազային ինքնատիպությամբ Բեկնազարյանը բացառիկ տեղ ունի հայ կինոյի պատմության մեջ: 1966-ին Հայֆիլմը կոչվել է Բեկնազարյանի անունով:

 

Գրականության ցանկ՝
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007

Քալանթար Կ., Համո Բեկնազարjան, Ե., 1987:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am