ԱՅՎԱԶՈՎՍԿԻ Հովհաննես (Իվան) Կոստանդինի (Գևորգի) [17(29)7.1817, Թեոդոսիա - 19.4(2.5). 1900, Թեոդոսիա, թաղված է տեղի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում], ծովանկարիչ, ռուսական և հայկական արվեստի դասական:            Գ. Կ. Հովհաննես Այվազովսկի - ՆավաբեկությունԱյվազովսկու եղբայրը: Թեոդոսիայի հայական եկեղեցու մատյանում գրանցված է՝ «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես»: Մինչև 1843-ը նկարները ստորագրել է հայերեն՝ Հովհ. Հայվազովսկի, ապա՝ երբեմն Հովհ. Այվազովսկի կամ Օվաննես Այվազեան: Սովորել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում (1830-33), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1833-37): 1840-ից եղել է Իտալիայում (նաև՝ Ս. Ղազար կղզում), Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, Փարիզում արժանացել ոսկե մեդալի (1857-ին՝ Պատվո լեգեոն շքանշանի): 1844-ին վերադարձել է Ռուսաստան, ընտրվել Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1847-ից՝ պրոֆ., 1887-ից՝ պատվավոր անդամ), նշանակվել ծովային գլխավոր  շտաբի գեղանկարիչ: 1845-ից բնակվել է Թեոդոսիայում, ստեղծել 1853-56-ի Ղրիմի պատերազմին նվիրված մի շարք մարտանկարներ: Այվազովսկին եղել է Աֆրիկայում, ԱՍՆ-ում, Ռուսաստանի ծայրամասերում, 1868-ին՝ Կովկասում: 1869-ին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին գեղանկարչական ցուցահանդեսըՀովհաննես Այվազովսկի - Իններորդ ալիք (կովկասյան բնանկարներ՝ «Գունիբ լեռան ամրոցը», «Դարիալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» ևն): Նյութապես օժանդակել է հույների, իտալացիների ազգային-ազատագրական  պայքարին, Գեղարվեստի ակադեմիայի աշակերտներին, բելոռուս ուսանողներին: 1900-ին Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում հաստատվել է Այվազովսկու անվ. կրթաթոշակ: Օգնել է հայկական ազգային կազմակերպություններին, դպրոցներին նվիրել նկարներ, կազմակերպել ցուցահանդեսներ: Նկարել է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Սարմարա ծովն են թափում հայերին» և այլ գործեր (1898-ին ցուցադրվել է Սոսկվայում): Ապաստան տվել և նյութապես օգնել է Ղրիմ փախած հայ գաղթականներին: Ծննդավայրում բացել է պատկերասրահ (1880, այժմ՝ Այվազովսկու անվ.), գեղարվեստի դպրոց (1865) ևն:

Հովհաննես Այվազովսկի- Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքումԱյվազովսկին ստեղծել է շուրջ 6000 կտավ: Իր գլուխործոցներով («Իններորդ ալիք», 1850, Ռուս. թանգարան, Ս. Պետերբուրգ, «Սև ծովը», 1881, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, «Ալիքների մեջ», 1898, Այվազովսկու պատկերասրահ, Թեոդոսիա, «Փոթորիկ Նիսի ափերին», 1885, ՀԱՊ ևն) հասել է իրականության կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, ոչ մեկին չկրկնող արտահայտչական լեզու:

Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական, այլաբանական խորհուրդ ունեն: Պատկերելով ալիքներ, ամպեր ու օդային տարածություն՝ նա առավելապես լույսն է շեշտել, որը արարական լույսի վերաիմաստավորումն է: Իր վերջին գործերում («Մարիա» նավը», «Ալիքների մեջ») լույսն իջնում է անտեսանելի աղբյուրից՝ իբրև խավարնՀովհաննես Այվազովսկի-Հայ ժողովրդի մկրտությունը ակոսող և հույսը հաստատող հզոր ճառագայթ:

Այվազովսկին հայկական թեմաներով ստեղծել է տասնյակ կտավներ ու դիմանկարներ, պատկերել, Թիֆլիսի կենցաղը, Սևանա լիճը, Արարատը: Նա սկիզբ է դրել և խթանել բնանկարչության զարգացմանը հայ կերպարվեստում: Ստեղծել է Աստվածաշնչի ու հայոց պատմության կարևոր իրադարձություններին նվիրված գործեր («Նոյն իջնում է Արարատից», 1887, «Հայ ժողովրդի մկրտությունը», 1892, «Երդում. Վարդան զորավար», 1892, «Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում», 1892, «Բայրոնի այցը Ս. Ղազար կղզի», 1898, «Ադանայի ջարդը» ևն): Ցավի ու ցասման արգասիք է վերջին անավարտ կտավը՝ «Թուրքական նավի պայթյունը» (1900):

Ս. Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստական ավադների, Ռուսական աշխարհագրական  ընկերության անդամ: Այվազովսկու շիրմաքարին մակագրված է՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»՝ քաղված Խորենացու «Հայոց պատմությունից»: 

 

Տես նաև՝

Տեսադարան (Հովհաննես Այվազովսկի)


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 7:

Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958. էջ 32-76: 

Սարգսյան Մ., Հովհաննես Այվազովսկի, Ե., 1967: 

Մարտիկյան Ե., Հայ կերպարվեստի պատմություն, հ. 2, Ե., 1975: 

Այվազովսկի (ալբոմ), Ե., 1984: 

Барсамов Н. С., И. К. Айвазовский, М„ 1967; 

Айвазовский. Документы и материалы, Е., 1967.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am