ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Մարիամ Արշակի (20.10. (2.11).1907, գ. Բաշ Շորագյալ (Կարսի մարզ) – 25.10.1997, Երևան), նկարչուհի: Ե.Ա. Ասլամազյանի քույրը: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965): Ավարտել է ԵԳԱՏ (1929), Լենինգրադի Պրոլետ. կերպարվեստի ինստիտուտը (1933): Աշակերտել է Ս. Աղաջանյանին, Ս. Առաքելյանին, Կ.Ս. Պետրով-Վոդկինին, Ա.Ի. Սավինովին: Ասլամազյանի արդիական թեմայով գեղանկրչական կոմպոզիցիաներում առկա է կերպարվեստի ազգային նկարագիրը («Հերոսի վերադարձը», 1943, «Հերոսի երգը» 1944, երկուսն էլ` ՀԱՊ):

Ստեղծել է հայկական կենցաղը, բնությունը պատկերող կոմպոզիցիաները, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կիրառական իրեր ևն: «Կոլտնտեսուհի Ծաղիկը» (1956), Էստոնիայի կերպերվեստի թանգարան, Տալին), «Գառնիի բնանկար» (1956, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հյուրընկալություն» (1957, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա), «Հայուհի» (1959, դեկորատիվ ափսե, Ռուսական թանգարան, Ս. Պետերբուրգ), «Հին հայկական պղնձե ամանեղեն» (1982), «Մանուշակներ և հին հայկական սպասք» (1984), «Ինքնանկար կարմիր զգեստով» (1985) ևն: Անհատական ցուցահանդեսներ` Մոսկվայում (1958, 1997), Լենինգրադում (1958): Ջ. Ներուի (1973), Գ. Նասերի (1976) անվ. մրցանակներ:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Մարիամ Ասլամազյան: ՀՍՍՀ ժող. նկարիչ (կյանքը և գործունեությունը), Ե., 1971:

Цырахи И. И., Мариам Аршаковна Асламазян, М., 1962;

Сарабъянов А.Д., Мариам Асламазян, М., 1979.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am