ԱԼԹՈՒՆՅԱՆ  Մարտիրոս  Հակոբի  (1889,  Բուրսա – 20.12.1958,  Բեյրութ),  ճարտարապետ:  1910-ին  մեկնել  է  Փարիզ,  ուսանել  Դեկորատիվ  արվեստնների  ազգային  բարձրագույն  դպրոցում:  1919-ից  Բեյրությում  նախագծել  է  հասարակական  շենքեր,  մենատներ,  կամուրջներ,  1933–35-ին`  Լիբանանի  խորհրդարանի  շենքը`  ժամացույցի  վերսլաց  աշտարակով:  Ալթունյանը  մեծ  ներդրում  ունի  եկեղեցաշինության  ասպարեզում`  Անթիլիասի  Ս.  Գրիգոր  Լուսավորիչ  մայր  տաճարը  (1938–40)  և  Նահատակների  մատուռը,  Երուսաղեմի  Ս.  Հռիփսիմե  մատուռը  (1946),  Բաղդադի  Ս.  Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցին  (1952–57),  բոլորն  էլ`  հայկական  ճարտարապետության  ավանդական ձևերի  ու  ժամանակակից  շինարվեստի  նոր  մտածողության  համադրությամբ:  Արդիականի  ու  արաբական  ազգային  ավանդականի  շաղկապումով  է  նախագծել  Աբու  Բաքր  մզկիթը  Բեյրութում,  պալատական  համալիրը  (մզկիթ,  մատենադարան,  հյուրապալատ  ևն)  Ամմանում`  վատիկանի  պատվերով,  Ս.  Պողոս  կաթոլիկ.  մայր  տաճարը  (1947–50)`  Բեյրութին  մերձ  հունաբնակ  Հարիսա  գյուղի  մոտ:  Ալթունյանի  գեղանկարչական  գործերից  են`  Երուսաղեմի  Ժառանգավորաց  վարժարանի դահլիճի  մեծաչափ  (12մ²)  կրոնապատմական  թեմայով  հինգ  որմնանկարները,  Թադեոս  և  Բարդուղիմեոս  առաքյալների,  Վարդան,  Հակոբոս,  Հեղինե  սրբերի  սրբապատկերները  (1949–50),  Նյու  Յորքի  համաշխարհային  ցուցահանդեսի  Լիբանանի  տաղավարի  նկարազարդումները,  ծովանկարները,  Անթիլիասի  մայր  տաճարի  աղոթասրահի  «Ս.  Գրիգոր  Լուսավորիչը  մկրտում  է  Տրդատ  արքային»  կտավը,  Ավագ  խորանի  «Մայր  Աստվածածին»  սրբանկարը  (բնորդը  Ալթունյանի  կինն  է):  Հեղինակ  է  նաև  քանդակային  գործերի  (Լիբանանի  ազգային  զինանշան-մեդալ  ևն):  Լիբանանի  նախագահի  Պատվո արծաթե  մեդալ:  Ալթունյանի  գործերը  ցուցադրվել  են  Երևանում  (1999):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am