ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ (ծննդյան և մահվան թվերը անհայտ են ), XIII դարի 2- րդ կեսի մանրանկարիչ և գրիչ: Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ: Գործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը և Սիսում: Պահպանվել են Թորոս Ռոսլինի ստորագրությամբ 7 պատկերազարդ մատյաններ՝ «Զեյթունի Ավետարանը» (1256), «Մալաթիայի Ավետարանը» (1268, երկուսն Էլ՝ Մատենադարան, ձեռագիր № 10450, 10675), «Սեբաստիայի Ավետարանը» (1262, ձեռագիր № 539, Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ), Ավետարաններ (1260, 1262, 1265) և Մաշտոց (1266, ձեռագիր № 251, 2660, 1956, 2027, բոլորը՝ Երուսաղեմի Ա. Հակոբյանց վանքի մատենադարան): Թորոս Ռոսլինին են վերագրվում նաև երեք անստորագիր Ավետարանների՝ «Վասակ իշխանի Ավետարանի» (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռագիր № 32.18), «Հեթում Ա-ի Ավետարանի» (1266) պատառիկների և 1250 կամ 1251-ի Ավետարանի (բոլորը՝ Մատենադարան, ձեռագիր № 5458, 8321) մանրանկարները: Հետևելով հայկական մանրանկարչության արվեստում ընդունված պատկերագրական նորմերին՝ Թորոս Ռոսլինը երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել Է պատկերագրման տեսակը կամ ընդունել բյուզանդական հորինվածքներ: Մարգարեական գրությունների ոլորաթերթերը բռնած հինկտակարանային մարգարեներին տեղադրելով նորկտակարանային առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում՝ Թորոս Ռոսլինը ցույց Է տվել Հին և Նոր կտակարանների դաշնությունը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված էին Հին կտակարանում: Ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է միաժամանակ XI դարի Անիի և XII դարի կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը: Մանրանկարներում Թորոս Ռոսլինը վերածնել Է վաղ քրիստոնեական արվեստից հայտնի բազմաթիվ թեմաներ («Երեք մանկունք կրակե հնոցում», «Ահեղ դատաստան», Հովնան մարգարեի պատմության դրվագները և այլն), վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը: Թորոս Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և հարուստ: «Զեյթունի Ավետարանում» առկա առանձին զարդագրեր, ինչպես և մարդագիր «Ե»-ն նորություն Էին հայ գրքարվեստում: Թորոս Ռոսլինը բացառիկ տեղ Է գրավում միջնադարյան արվեստի մեջ՝ Արևելյան և Արևմտյան եկեղեցիների մանրանկարչա-գեղանկարչական դպրոցների ներկայացուցիչների շարքում:

Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Ազւսրյան Լ., Կիլիկյան մանրանկարչու¬թյունը XII-XIII դդ., Ե, 1964: 
Չուգասզյան Լ., Թորոս Ոոսլինի արվեստը, ԲԵՀ, 1987, № 3: 
Ղազարյան Վ., Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (XIII դ. վերջ - XIV դ. սկիզբ), Ե„ 1984:
Дурново Д., Армянская миниатюра. Е., 1969;
Дрампян И.Р.. Торос Рослин, Е., 2000;
Der-Nersesian S., L'art Arme'nien des origines au XVIIе sie'cle, P., 1977.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am