Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Ռումինիո Հայ առաջնորդարանի գրադարանն ու թանգարանը

Ռումինիո հայ առաջնորդարանի գրադարանն ու թանգարանը:

Ռումինահայ գաղութի կյանքում 1987-ի մայիսի 24-ը նշանավոր օր դարձավ, Բուխարեստի հայոց եկեղեցու բակում վերաբացվեց Առաջնորդարանի գրադարանն ու թանգարանը՝ նոր կարգավորմամբ։ Սկիզբը տեղի ունեցավ 1927 հոկտեմբերին, երբ հիմնադրության հատուկ մի վավերաթղթով ծնունդ առավ Ռումինահայ կենտրոնական մատենադարանը՝ «նպատակ ունենալով փճացումից փրկել և պահպանել արժեքավոր գրքերն ու արվեստի առարկաները, որոնք երկրի հայ համայնքների ծոցում էին գնվում, ինչպես նաև փափագողների տրամադրության տակ դնելու համար՝ հայ պատմության ու գրականության վերաբերյալ նյութեր»։

Ռումինիայի Առաջնորդարանի թանգարանի շենքը

Սկզբնապես մի քանի բարերարների նվիրած գրքերով օժտված մատենադարանը գործնականապես Հ. Սիրունիի կողմից էր ղեկավարվում, որուն օգնում էր ութ հոգուց կազմված մի հանձնախամբ: Աստիճանաբար հիմնապաշարը ճոխացավ՝ բովանդակելով հայերեն և այլ լեզուներով հին և հազվագյուտ գրքեր, պարբերաթերթեր, ձեռագրեր, կոնդակներ, նամակներ, թղթածրարներ, ֆերմաններ ու հրովարտակներ։ Ժամանակի ընթացքում մատենադարանի կողքին կազմվեց թանգարանային մի բաժին Ռումինիայի հայկական եկեղեցիներից, հայ մշակութային հիմնարկությունից և նվիրատվություններից հավաքված առարկաներով, եկեղեցական հանդերձներ, խորանի վարագույրներ, ձեռագործներ, փայտյա և մետաղյա փորագրություններ, նկարներ, դրամներ, դրոշակներ, տոհմանշաններ և այլն:

1944-ին հայկական նախկին դպրոցին մեկ սեղմ սենյակում ապաստան գտած մատենադարանին ու թանգարանին հատկացվեց Հովսեփ Տուտյանի նվիրատվության շնորհիվ հատուկ կառուցված մի շինություն։ Ըստ հիմնադրման փաստաթղթին, նոր հաստատությունը, որը գործեր էր ճարտարապետ Էմիյ Քըլինեսքուի նախագծած շենքում, կոչվեր էր «Ազգային թանգարանմատենադարան հայոց, նվիրատվություն՝ Հովսեփ և Վիքթորյա Տուտյան»։ Գործնականորեն հաստատությունը որդեգրեց «Հայ մշակույթի տուն» անունը, իբրև անմիջական նպատակ վերապահելով իրեն՝ զարկ տալ հայ մշակույթի ծաղկման ու տարածման, ճանաչեցնել օտարներին հայ արվեստն ու մշակույթը, ամրապնդել հայ ու ռումին ժողովուրդների հոգեկան կապը։ 

Թանգարանի և գրադարանի մուտքը

1945-ից հետո Հայ մշակույթի տան շրջանակում, որը այլևս Ստեփան Շահումյան էր կոչվում, մատենադարանի ու թանգարանի կողքին գործեցին մի թատերախումբ, նվագախումբ, ժողովրդական պարերու համույթ, կար ու ձևի շրջանակներ և այլն, ինչ որ կապացուցե հաստատության մշակութային օջախի հատկանիշը Բուխարեստի հայ գաղութի համար։

1983-ին, պայմանագրի ժամկետը լրանալիս, շենքը վերստին թաղականության տրամադրության տակ անցավ, և նա որոշեց վերակարգավորումը՝ Առաջնորդարանի գրքերու և արվեստի առարկաների հիմնապաշարին համար։ Հայոց եկեղեցու (Ռեփուպլիչի պողոտա, թիվ 43) բակում գտնվող նախկին կենտրոնատեղում վերադառնալով, դրանք գտան իրենց պատշաճ տեղը։ Շենքի նախասրահում է դրված քանդակագործ Օսկար Հանի Հովսեփ Տուտյան նվիրատուի կիսանդրին։ Շենքի ստորին հարկը հատկացված է գրադարանին, որը կբովանդակե գրեթե 15.000 հատորներ, 700 կրոնական գրքեր՝ ԺԷ-ԺԹ դարերից, 200 հազվագյուտ գրքեր, հանրագիտարաններ, բառարաններ, իմաստասիրության, պատմության աշխարհագրության, արվեստի գործեր, հայ, ռումին և համաշխարհային գրականություն։

 

Գրադարանի սրահը

Վերնահարկում կարգավորված է Առաջնորդարանի թանգարանը։ Թանգարանի սրահի խորքի պատի կենտրոնը գրավում է Մոլդովայի իշխան Ալեքանդրու Բարեգութի հրովարտակը (լուսապատճենը և արտագրումը), որով 1401-ին արտոնություն կընծայվեր Սուչավայում հիմնադրելու հայոց առաջին թեմը ռումինական հողի վրա՝ հաստատելով Հովհաննես եպիսկոպոսը որպես հայոց առաջնորդ։ (Ցարդ, թեմի գլուխն են գտնվել 45 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ)։ Հրովարտակի կողքին ցուցադրված է Սիրունիին կազմած ու հրատարակած Ժ-ԺԷ դարերի ռումին իշխանություններում ապրող հայոց ժամանակագրությունը։ Մի ցուցատախտակի վրա կարելի է դիտել մի քանի եկեղեցիների լուսանկարները, այն 17 եկեղեցիներից և 2 վանքերից (Սուչավայի Զամքան և Հաճկատարը), որոնք պատկանում են Ռումինիո թեմի 13 թաղականություններին (Բուխարեստ, Քոնսթանցա, Սուչավա, Յաշ, Բոթոշան, Ֆոքշան, Ռոման, Բակրու, Թըրգու-Օքնա, Գալաց, Բըրիլա, Թուլչա, Փիթեշթ)։

Այցելուն հնարավորություն ունի անցնելու հայ համայնքի գլխավոր հանգրվաններից նաև երևելի անձնավորությունների ցուցադրված կենսագործությունների միջոցով։

Երեք տոհմածառեր՝ Գոյլավ, Պույուքլիա և Միսիր ընտանիքներին, թելադրում են բազմամարդությունն ու հարատևությանն այս կարևոր «տոհմ»երի, որոնք ռումին իշխանությունների, հատկապես Մոլդովայի հասարակա-քաղաքական կյանքի ականավոր դեմքեր են ընծայել։ Առանձին մի ցուցատախտակի վրա են ներկայացվել Հայոց Հայրապետ Վազգեն Ա-ի կյանքից ու գործունեությունից կենսագրական տվյալներ ու լուսանկարներ։ նմանապես ցուցադրվել են, լուսանկարչական դրվագներ՝ Ռումինիո թեմի Առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի գործունեությունից, որը սկսած է 1956ից. այցելություններ, հանդիպումներ երկրի և արտասահմանի կղերականների ու քաղաքական անձնավորությունների հետ։

Անտարակույս թանգարանի գլխավոր գանձարաններն են հանդիսանում կրոնական և աշխարհիկ արվեստի առարկաները, ձեռագրերն ու տպագրությունները։ Կարգավորված ապակեդարաններում են ցուցադրվել ԺԸ դարից ծիսական առարկաներ, ոսկյա ու ոսկեզօծ, արծաթյա, արժեքավոր քարերով խորանի խաչեր, ճարմանդներ, մոմակալներ, խույրեր, եպիսկոպոսական գավազաններ, մասունքներ, բուրվառներ և այլն։ Նշենք նաև, իբրև հետաքրքրական ցուցոն, մի սազ, որը 1948-ին խորհրդահայ ռազմագերիներ են նվիրատվել, և 1833-ին Թըռնովոյի (Բուլղարիա) հայոց նվիրատված պատի մեկ ժամացույցը։ Թանգարանի ամենաարժեքավոր ցուցոնը, ամենայն դեպս, 1351-ին Կաֆա ընդօրինակած մի ավետարան է, որը Ռումինիայի տարածքում հնագույն ձեռագիրն է, անկախ լեզվից։ Դա բաղկացած է 289 թուղթե էջերից, իսկ 1451ին ավելացված մի արձանագրություն ցույց է տալիս, թե այդ թվականին ձեռագիրը գտնվում էր Յաշում, Հակոբճյանի և իր եղբոր՝ Առյուծին սեփականությունն էր, որոնք գնել էին այդ և 1895-ի կառուցված հայոց եկեղեցուն էին նվիրել։

 

Թանգարանի սրահը

Արժեքավոր ձեռագրերից են 1596-ի մի Սաղմոսարան, Հաճկատար ընդօրինակած Ավետարան (1649), Աղոթագիրք (Երուսաղեմ, 1762), Աղոթագիրք (Երուսաղեմ, 1762), ԺԷ դարից հմայիլներ։ Տպագրված գրքերում հազվագյուտ հատորներ են առկա։ Այստեղ են 1666-ին Ամստերդամ տպված հայերեն ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ աշխարհում գտնվող միայն վեց օրինակներից մին, դարձյալ Ամստերդամ տպված (1669), Առաքել Դավրիժեցու Պատմությունը, Վենետիկ տպված (1686) մի ուրիշ Ավետարան։ Այլ տպագրություններ են կատարվել նույնպես՝ Վենետիկ (Ավետարան, 1732), Վիեննա (Աստվածաշունչ, 1733), Կ. Պոլիս (Ավետարան, 1729), Պետերբուրգ, Փարիզ։

Մի ցուցատախտակի վրա են ներկայացված Ռումինիայի հայկական դպրոցները։ Հնագույնն եղել է հավանաբար Դամբրըվեն քաղաքի (նախկին Եղիսաբեթուպոլիս) Օրիորդաց վարժարանը, հիմնված 1730-ին, բայց ԺԹ դարի սկզբում հայկական դպրոցներ էին գործում Յաշ, Սուչավա Արմենուպոլիս, Բուխարեստ, հետագային հայոց բնակած մյուս բնակավայրերում ևս։ Ուշադրություն են գրավում Ռումինիայում հայկական տպագրության փաստերը. Յաշի հայազգի նշանավոր ռումին գրագետ Գեորգե Ասաքիին «Ալբինա» («Մեղու») տպարանի «Արամյան» բաժնի բացման վերաբերյալ փաստաթուղթը (1847), բաժին՝ որտեղ տպվեցին հայերեն առաջին այբբենարանը («Բանալի ընթերցանութեան») և հայերեն մի աղոթագիրք (Ռումանեն ոմն Խաչիկյանի ծախսերով):

Նույն ցուցատախտակի մեկ մասը հատկացված է Ռումինիայում ժամանակի ընթացքին հրատարակված հայ մամուլին, լինի դա հայերեն կամ ռումիներեն (բայց առաջին հանդեսը՝ «Արմենիա», լույս է տեսել հունգարերեն 1887-1913 թվականներին, Տրանսիլվանիայում հայերի հիմնած Արմենուպոլիս, այժմ՝ Գեռլա քաղաքը, Խաչիկ Սոնգոթյանի խմբագրությամբ)։ 

Թանգարանի նկարագրությունն ավարտենք, նշելով ռումինահայերու և այլ գաղթօջախների նվիրատված առարկաները՝ գորգեր, նկարներ, քանդակներ, գրքեր, ինչպես և հայ գրականությունից ռումիներեն թարգմանված հատորներ, ռումիներեն գրող հայ հեղինակների գրքեր։ Ներկա կազմավորմամբ, Ռումինիո Առաջնորդարանի գրադարանն ու թանգարանը փորձում է լինել երկրի հայ գաղութի և ընդհանրապես հայ ժողովուրդի մշակութային արժեքների և՛ գանձարան, և՛ նրանց ժողովրդականացման գործոն ազդակ։

 

 

 

 

Գրականության ցանկ՝

Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան պաշտոնական կայքէջ, խմբագիր՝ Սարգիս Սելյան, սկզբնաղբյուր՝ Վերածնված Հայաստան, 11, 1989:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am