ՌՈՄԱՆՏԻԶՄ, XVIII դ. վերջի - XIX դ. 1-ին կեսի գրականության, հոգևոր մշակույթի ուղղություններից: «Ռոմանտիզմ» եզրը ներմուծվել է կլասիցիզմին հակադիր նոր գրական ուղղությունը նշելու համար:

Ռոմանտիզմը Արվեստում: Հզոր շունչ առնելով ազգային-ազատագրական պայքարից, մարմնավորելով աննկուն, ազատության գաղափարներով տոգորված անընկճելի հերոսների կերպարներ՝ Ռոմանտիզմն արտահայտել է ժամանակի հայ իրականության առաջադիմական  ձգտումները: 

Կերպարվեստում Ռոմանտիզմը  առավել վառ արտահայտվել է երփնագրում և գրաֆիկայում, մասամբ՝ քանդակում: Ռոմանտիկ. արվեստում առանձնանում է  Հ. Այվազովսկու ստեղծագործությունը: Նկարիչը ծովանկարը դարձրել է  հումանիստական, լուսավորչական  գաղափարների, պայքարի, ազատագրական  ոգու, իր ժողովրդի ճակատագրին համահունչ բողոքի ու ցասման պոռթկում՝ շեշտելով արարչական լույսը՝ որպես կյանքի, հույսի, հավատի խորհրդանիշ: Ռոմանտիզմի և ռեալիզմի տարբեր զուգորդումներով են ստեղծվել Գ. Բաշինջադյանի և ուր. շատ կտավներ: Ռոմանտիկ. մոտեցմամբ, պատմական  անցյալից, հայկական լեգենդներից, բանահյուսությունից քաղված թեմաներով գործեր են պարունակում XIX դ. լույս տեսած հայերեն գրքերի, ամսագրերի գրաֆիկական  էջերը, քանդակագործության մեջ՝ Ա. Տեր-Մարուքյանի «Հայ գրողներին դափնեպսակ նվիրաբերող մուսան» կոմպոզիցիան ևն: 

Երաժշտության մեջ Ռոմանտիզմն ամբողջ, և ինքնուրույն ուղղություն չլինելով՝ ի հայտ 1 Եկել 1860-ական թթ-ից: Կ. Պոլսում Գ. Երանյանը ստեղծել Է մեծ ժողովրդականություն վայելող ազգային –հայրենասիրական  Ռոմանտիզմի ոգով երգեր՝ «Կիլիկիա», «Առ Հայաստան» («Հայաստան, Երկիր դրախտավայր»), «Արիք Հայկազունք» ևն: Ռոմանտիկ.  այդ ալիքն իր բարձրակետին է հասցրել Տ. Չուխաճյանը  «Արևելյան թատրոնի» ներկայացումների, հատկապես Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան, փրկիչ հայրենյաց» պատմական  ողբերգության (բեմ.՝ 1867, Մ. Նալբանդյանի մահվան տարելիցի կապակցությամբ) համար գրված ազատասիրական  պաթոսով երգերով, երաժշտությամբ: Չուխաճյանը Մ. Պեշիկթաշլյանի խոսքերով ստեղծել է «Գարուն» հայկ. առաջին լավագույն ռոմանսներից մեկը, երաժիշտ-ռոմանտիկներին ներհատուկ մղումով՝ արաբական հեքիաթի հիման վրա՝«Զեմիրե» օպերա-կախարդապատկերը և այլ երկեր, ւս|դ ամենը պսակելով իր գլուխգործոցով՝հայկական առաջին ազգային պատմառոմանտիկ. «Արշակ Բ» օպերայով: Ռոմանտիզմի գեղագիտական կարևոր սկզբունքները իրենց արտացոլումն են գտել Ա. Սպենդիարյանի ստեղծագործության մեջ Ծատուրյանի խոսքերով «Այ վարդ» երգ-ռոմանսում (1894), Մ. Գորկու տեքստով՝ «Ձկնորսն ու փերին» բալլադում՝ բասի և նվագախմբի համար (1902), ըստ Մ. Լերմոնտովի՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերում (1905), Յա. Պոլոնսկու խոսքերով՝ «Բեդան՝ քարոզիչ» լեգենդում, Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով՝ «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» հերոսական երգում՝ տենորի և նվագախմբի համար (1914), Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Առ Հայաստան» կոնցերտ, արիայում (1915), «Ալմաստ»  օպերայում ևն: Ռոմանտիզմը  բազմակերպ երևակվել է Գ. Ղորղանյանի ռոմանսներում, Ա. Տեր-Ղևոնդյանի «Ախթամար» սիմֆոնիկ պոեմում, Ս. Բարխուդարյանի մանրանվագներում ևն: Երաժշտակատարողական  արվեստում վիրտուոզ-ռոմանտիկ. թևի ներկայացուցիչներ են ջութակահար Գ. Վրույրը, Սինանյաններ ընտանիքի անդամները, դաշնակահար Հ. Տեր-Դավթյանը և ուր.: Հայ թատրոնում Ռոմանտիզմն առավել տիրապետող է եղել Արևելյան թատրոնում, որի խաղացանկում մեծ տեղ Է գրավել ֆրանսիական ռոմանտիկ. դրաման, նպաստելով ռոմանտիկ-սենտիմենտալ և մելոդրամային խաղաոճի արտահայտված տարրերով արևմտահայ դերասան, դպրոցի ձևավորվելուն և պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասնելուն՝ ի դեմս Պ. Ադամյանի, Սիրանույշի (վաղ շրջանը), Ա. Փափազյանի, Ս. Էքշյանի, Մ. Մնակյանի, Ե. և Վ. Գարագաշյանների, Թ. Ֆասուլաճյանի, Պ. Մաղաքյանի, Մ. Նվարդի և ուր.:

 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

Սարինյան Ս., Հայկական ռոմանտիզմ, Ե., 1966:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am