ՓԱՐԱՋԱՆՈՎ Սերգեյ (Փարաջանյանց Սարգիս Իոսիֆի) ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում, կինոռեժիսոր: ՀԽԱՀ, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990): Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1942-45), ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1951): 1951-ից՝ Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ռեժիսոր: Մասնակցել է «Երրորդ հարվածը» (1948) և «Տարաս Շևչենկո» (1952) ֆիլմերի ստեղծմանը, նկարահանել «Անդրիեշ» (1955, Յա. Բազելյանի հետ), «Առաջին տղան» (1959), «Ուկրաինական ռապսոդիա» (1961), «Մոռացված նախնիների ստվերները» (1965, Կիևի համամիութենական, Մար դել Պլատայի կինոփառատոների, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակներ, Աալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալ, Ուկրաինական ԽՍՀ Պետական մրցանակ՝ 1990, ևն), Վրացֆիլմում՝ «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (1984, Դ. Աբաշիձեի հետ), «Աշուղ Ղարիբ» (1988, Նիկե մրցանակ՝1991, Մոսկվա) ֆիլմերը: Փարաջանովի «Նռան գույնը» (1969, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988, Հայֆիլմ) կինոնկարը հաստատել է նրա արվեստի յուրօրինակությունը և արժանացել մեծ համբավի: Փարաջանովին բնորոշ են սերը ժող. արվեստի, բանահյուսության մշակույթի ակունքների հանդեպ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայության խորությունը: Հեղինակ է նաև կարճամետրաժ ֆիլմերի [«Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր» (երկուսն էլ՝ 1957), «Հակոբ Հովնաթանյան» (1968), «Փիրոսմանի» (1985)] և կինոսցենարների: Փարաջանովի գեղանկարչական գործերի (գծանկար, կոլաժ, մանրանկար և այլն) ցուցահանդեսներ են բացվել Թբիլիսիում (1985), Երևանում (1988, 1990), Փարիզում (2007): Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: Մահացել է 1990 թվականի հուլիսի 20-ին Երևանում և թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 1991-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում (1997, բրոնզ, քանդակ՝ Բ. Մազուր), մահարձանը՝ Երևանում (1999, բրոնզ, գրանիտ, քանդակ՝ Ա. Հ. Շիրազ): Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (2005) սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ («Փարաջանովյան Թալեր»):

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Письма из зоны. Е.. 2000; 

Исповедь (Киносценарии. Письма), СПб.. 2001.

Գրկ. Մադոյան Ռ., Նռան գույնը և Փարաջանովի լեգենդը, Գլենդեյլ, 2001: 

Григорян Д.. Три цвета одной страсти. Триптих о Параджанове. М.. I99I. 

Калантар К., Очерки о Параджанове. Е., 1998. 

Катанян В., Параджанов. Цена вечного праздни ка, Н. Новгород, 2001. 

Cazals Р, Serguei Paradjanov, P., 1993.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am