ԱՅՎԱԶՅԱՆ Վլադիմիր Տիգրանի. ծնվել է 1915 թվականի մայիսի 15(28)-ին գյուղ Փոռում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում), նկարիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967): Նրա ուսուցիչներն են եղել Ստեփան Աղաջանյանը, Սուրեն Ստեփանյանը, Արա Սարգսյանը: 1940-1946 թվակններին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1948-1950 թվականներին աշխատել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում: Աշխատել է լինոփորագրության, օֆորտի, գեղանկարչության բնագավառներում: Հեղինակ է միջնադարյան հայկական ճարտարապետական կոթողները, հայկական բնությունը ներկայացնող գրաֆիկական շարքերի, կենցաղային, անիմալիստական պատկերների, երփնագիր նատյուրմորտների, բնանկարների: Ստեղծագործության սկզբնական շրջանում իրականությունը պատկերել է առավել մանրամասն («Նորք», «Ձմեռ», 1953, «Սանահին. զանգակատուն», 1959 և այլն, բոլորը՝ ՀԱՊ), հետագայում ձգտել է ձևերի պարզեցման և ընդհանրացման («Ձմեռ», 1962, «էջմիածնի տաճարը», 1973, ՀԱՊ): Ստեղծագործություններից գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է 1999 թվականի հունվարի 15-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:    
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am