ԱՇԽՈՒՅԺ (Գրիգորյան Խաչատուր Աուքիասի), ծնվել է 1884 թվականին Հայաստանի գյուղ Ղազնաֆարում (այժմ՝ գյուղ Արագած՝ ՀՀ Արագածոտնի մարզում), աշուղ: 4 տարեկան հասակում հիվանդացել է ծաղիկ հիվանդությամբ և զրկվել տեսողությունից: 14 տարեկանից հոր հետ շրջել է գյուղից գյուղ, որը հետագայում առատ նյութ է տվել աշուղին: 1900-ական թվականների սկզբին ընտանիքի հետ հաստատվել է Արմավիր քաղաքում: Երկար ժամանակ գտնվել է Ալեքսանդրապոլում, որտեղ մտերմացել է աշուղ Ջիվանու հետ, ումից շատ բան է սովորել: Հակացարական տրամադրություններ արտահայտելու համար ձերբակալվել է: Ազատվելով կալանքից, երիտասարդ գուսանը շարունակել է շրջագայությունը: 1908 թվականին Էջմիածնում առիթ է ունեցել շփվելու Գևորգյան ճեմարանի ուսուցիչների հետ, որոնցից Գարեգին Լևոնյանը (Ջիվանու որդին), տեսնելով գուսանի կենսուրախ և առույգ բնավորությունը, նրան տալիս է Աշխույժ մականունը: Երգել է ջութակի նվագակցությամբ: Շուրջ 2000 երգի, բազմաթիվ հեքիաթ-սիրավեպերի ու պոեմների հեղինակ է: Աշխույժի երգերն ամփոփված են «Աշուղական» (1947), «Քնար» (1955), «Աղբյուր» (1958) ժողովածուներում: Մահացել է 1961 թվականին ՀՀ Արմավիր քաղաքում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am