ԱՐՈՒՏՉՅԱՆ Միքայել Ավետի. ծնվել է 1897 թվականի հուլիսի 6(18)-ին Շուշիում, նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958): Հայ խորհրդային բեմանկարչության հիմնադիրներից: Ս. Ա. Արուտչյանի եղբայրը: Ավարտել է Սարատովի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցները, սովորել Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1921-23), Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում (1924-1925): 1925-ին տեղափոխվել է Երևան: 1928-1939-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան, 1939-1949-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչ: Ձևավորել է շուրջ  100 ներկայացում, գրքեր, կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն: Գործերից են՝ Պուչչինիի «Տոսկա» (1937), Չայկովսկու «Պիկովայա դամա» (1956) օպերային, Սունդուկյանի «Պեպո» (1929), Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1930, երկուսն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դրամատիկական ներկայացումների ձևավորումները: Արուտչյանը շարունակել է Գ. Յակոզովի նորարարական ավանդույթները: Մահացել է 1961 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am