ԱՌԱՔԵԼՅԱՆ Սեդրակ Առաքելի. ծնվել է 1884 թվականի դեկտեմբերի 17(29)-ին գյուղ Ջահուկում (այժմ՝ Նախիջևանի Բաբեկի շրջանում), նկարիչ: Առաքել Առաքելյանի հայրը: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935): Ավարտել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցը (1908), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը (1916): Աշակերտել է Եղիշե Թադևոսյանին. 1919-ին տեղափոխվել է Երևան: 1921-1937-ին եղել է ԵԳՈՒ հիմնադիր-դասատուներից, 1921-1925-ին՝ վարիչ: Պատկերել է հայկական գյուղը («Հաց են թխում», 1914, «Ցորեն են ծեծում», 1915, «Կալը գյուղում», 1923), հին Երևանը («Իջևան Երևանում», 1921), Հայաստանի բնությունը («Աշուն. Երևանի մի անկյուն», 1926, «Առաքելոց եկեղեցին: Սևան», 1923, «Հին Գորիսը», 1940) և այլն: Պայմանական նշանակություն ունեցող գունաշարով վավերացրել է ժամանակաշրջանը հատկանշող ռիթմերը, ռոմանտիկ շունչը, որոշ դրվագներում («Սևան: Կարմիր ճայեր», 1926, «Փշատաքաղ», 1936) հասել գեղարվեստական հազվագյուտ արդյունքի: Ստեղծել է պատկերագրական սկզբունքներով տարբեր գեղանկարչական երկեր՝ իրական ծավալներից տատանվելով դեպի դրանց գունային համարժեքները: Հեղինակ է նաև ինքնատիպ կոմպոզիցիաների և դիմանկարների: Գործերի մեծ մասը գտնվում են ՀԱՊ-ում: Մասնակցել է Վենետիկի (1924), Նյու Յորքի (1929), Ստոկհոլմի (1930), Փարիզի (1934) ցուցահանդեսներին: Մահացել է 1942 թվականի մարտի 6-ին Երևանում:

Գրականության ցանկ 
 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   
Գրկ. Մաթեվոսյան Վ., ՍԵդրակ Առաքելյան. Ե., 1963: Գյուրջյան Գ., ՍԵդրակ ԱռաքԵլյան, Ե., 1967:
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am