ԱՆՏԻԿՅԱՆ Թադևոս (Անտիկենց Թաթոս) Ավետիքի. ծնվել է 1835 թվականին Գյումրիում, որմնադիր, քանդակազարդող վարպետ: Կառուցել է տներ ծննդավայրում Ալեքսանդրապոլում, Կարսում, էջմիածնում, մասնակցել նաև Ճեմարանի, Գյումրիում՝ բերդերի ու թաղակապ ստորերկրյա անցուղիների շինարարությանը: Ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշ է Անտիկյանի սեփական երկհարկանի տան նկուղի քարե զանգվածեղ առաստաղը, որը չի փլվել անգամ 1926-ի երկրաշարժից: Անտիկյանին է հանձնարարվել Անիի Կաթողիկե Մայր տաճարի տիպարով Գյումրիում Ա. Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցու (1858-1876, կործանվել է 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից) կառուցումը, որն այդ ժամանակվա Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր (բարձրությունը՝ 36 մ): Անտիկյանը եղել է Հառիճավանքի ընկերության անդամ, մասնակցել Հառիճավանքի վերանորոգումներին, դպրոցի, աղբյուրի կառուցմանը: Մահացել է 1899 թվականին Ալեքսանդրապոլում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:   

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am