Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայ մշակույթի զարգացման առանձնահատկությունները (XIX դար - XX դարի սկիզբ)

 Հայ մշակույթի զարգացման առանձնահատկությունները (XIX դար-XX դարի սկիզբ): Նոր ժամանակներում հայոց քաղաքական, ազգային ու հասարակական կյանքում տեղի ունեցած էական տեղաշարժերն իրենց կնիքն են դնում հայկական մշակույթի առաջընթացի վրա, պայմանավորում հոգևոր ֊մտավոր աշխուժացումը ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ մերձավոր և հեռավոր հայաբնակ քաղաքներում ու վայրերում: Հայ մտավորականության կարող ուժերը, քաղաքական-հասարակական շրջանները բացառիկ նշանակություն էին տալիս ժողովրդի լուսավորությանը և գրագիտության տարածմանը ՝ ձգտելով քաղաքական ինքնագիտակցություն ու ազատագրական մղումներ ներարկել աշխարհասփյուռ հայությանը: Դեռևս XVII դ. վերջերին սկիզբ առած մշակութային զարթոնքի նպատակն էր համազգային գաղափարների մշակումը, դրանց շուրջ ազգային կենսունակ ուժերի համախմբումր, տարբեր երկրներում բնակություն հաստատած ու միմյանցից անջրպետված հայության զանազան հատվածների միջև մերձեցման և համագործակցության հաստատումը:

Հայկական մշակույթի բնութագրական հատկանիշներից է դպրոցների, տպարանների, պարբերականների բացումր և գործունեությունը, գիտության, գրականության, արվեստի վերելքն աշխարհի ամենատարբեր մասերում: Հետևաբար նոր ժամանակի հայկական մշակույթը սնվում էր այլևայլ ակունքներից, փոխազդեցության մեջ էր զանազան էթնիկ մշակույթների և մշակութային ավանդույթների հետ: Այսպես, Արևելյան Հայաստանում հայկական մշակույթն աստիճանաբար խզում է դարավոր կապերր իրանական ավանդույթների հետ և հետզհետե ուժեղացող առնչություններ հաստատում ռուսական գրականության, գիտական ու հասարակական մտքի հետ; Զգալի չափով ռուսական միջնորդավորմամբ են հայ իրականություն ներթափանցում արևմտաեվրոպական մշակութային արժեքները: Հնդկահայ գաղութներում անմիջական շփումներ են սկզբնավորվում անգլիական մշակութային միջավայրի հետ: Եվրոպական գիտական ու գրական ձեոքրերումներր հայ իրականության մեջ տարածում էին ստանում Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղավորումների բեղմնավոր գործունեության շնորհիվ: Արևմտահայությունը և առաջին հերթին նրա երկու կարևորագույն մշակութային կենտրոնները՝ Կոստանդնուպոլիսն ու Զմյուռնիան, մշտապես մշակութային զարգացման ազդակներ էին ստանում ֆրանսիական իրականությունից: Նման պատմական պայմաններում պահանիվում էր անդուլ գործունեություն և մեծ ջանքեր հայկական մշակույթի աոաջրնթացը ճիշտ ուղիով տանելու համար:

XIX դ. երկրորդ կեսին Հայոց եկեղեցին կորցնում է առաջատարի իր դերը ինչպես հասարակական, այնպես էլ մշակութային կյանքում: Նախաձեռնությունն անցնում է եվրոպական կրթություն ստացած երիտասարդ մտավորականությանը, որը բերում է նոր աշխարհրնկալում, տարածում է առաջադիմական գաղափարներ և պայքար ծավալում կղերական հետադեմ մտայնության դեմ: Օտար տիրապետության և գաղութային ճնշման պայմաններում՝ սակայն, Հայոց եկեղեցին մնում էր հայության շահերի արտահայտիչը ու որոշակի դիրք ուներ մշակութային, հատկապես կրթական կյանքում, բայց առաջընթացին, այնուամենայնիվ, ուղղություն էին տալիս հասարակական և մտավոր նոր ուժերը:

Չնայած գործունեության պայմանների բազմազանությանը՝ հայկական մշակույթը պահպանեց իր ինքնատիպությունն ու միասնությունը, կարևոր դեր խաղաց ազգային համախմբման, առաջադիմական գաղափարների և իդեալների մշակման գործում; Ամբողջությամբ վերցրած՝ հայկական մշակույթր մշտաբորբոք էր պահում ազգային գերխնդիրը ազատագրվելու իղձը: XIX դ. կեսերից հայ մտավորականությունն ավելի մեծ չափով կապվեց հայրենի երկրի հետ, մշակույթն ու լուսավորությունը ձգտեց ծառայեցնել ազգային ազատագրության խնդիրներին:

 

                                                                                                 Մարգարյան Հ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am