Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում

Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում: Արաբական տիրապետության ժամանակաշրջանում, շուրջ երկդարյա ընդհատումից հետո, տնտեսական առաջընթացի և բարգավաճման պայմաններում կրկին վերելքի ուղին բռնեց ճարտարապետությունը: IX դ. կառուցված եկեղեցիները սովորաբար կրկնում էին նախորդ դարաշրջանի եկեղեցական Անիի Մայր տաճարըշենքերի հատակագծային տիպերը, սակայն ավանդական ձևերի շրջանակներում որոշակի առաջընթաց էր դիտվում: Բագրատունյաց ժամանակաշրջանում սկիզբ է առնում վանական համալիրների կառուցումը: Տաթևի, Սևանի, Խծկոնքի, Հոռոմոսի, Գնդեվանքի վանական համալիրներում աշխարհիկն ու հոգևորը հիանալի ներդաշնակություն են կազմում միմյանց և բնության հետ: Եկեղեցական շենքերի ճարտարապետության մեջ առաջ եկած նոր ըմբռնումները դասական մարմնավորում են ստացել Աղթամարի տաճարում (ճարտարապետ Մանուել) ՝ կառուցված 915-921 թթ., Գագիկ թագավորի օրոք: Տաճարը նվիրված է Սուրբ Խաչին և իր հատակագծով ու ծավալատարածական լուծումներով սերտ աղերսներ ունի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ խաչաձև տաճարների' Ավանի, Հռիփսիմեի հետ: Բազմազան ու բազմաբովանդակ զարդաքանդակները, որոնք զարդարում են շենքի արտաքին ճակատները և բոլոր պատերը, նոր երևույթ էին հայ շինարարական արվեստում և բացառիկ շքեղություն են հաղորդում ողջ կառույցին:

Դարաշրջանի հուշարձանները աչքի են ընկնում մի բնորոշ հատկանիշով՝Տաթևի վանքը ճարտարապետական համաչափությունների վերսլացությամբ, շնորհիվ որի այդ հորինվածքներր արտաքուստ և ներքուստ ձեռք են բերում միասնականություն ու հանդիսավորություն: Այս առումով բնութագրական է Անիի մայր տաճարի ներքին հորինվածքը, որը Գագիկ I թագավորի արքունական ճարտարապետ Տրդատի ձեռակերտն է: Այստեղ արտահայտված ոճական նորամուծությունները հետագայում բնորոշ են դառնում Արևմտյան Եվրոպայում լայն տարածում գտած ռոմանական ու գոթական ոճերի ճարտարապետական հուշարձանների Համար:

Սևանի վանական համալիրըՀայաստանում ծավալված քաղաքաշինության շնորհիվ աննախադեպ ծաղկում ապրեց աշխարհիկ ճարտարապետությունը: Քաղաքներում կառուցված աշխարհիկ նորատիպ շենքերի ճարտարապետական ձևերում, կառուցողական արվեստում լայնորեն օգտագործվում են ժողովրդական բնակարանի շինարարության հարուստ ավանդույթները: Աշխարհիկ ճարտարապետության զարգացման գործընթացում առաջատարի դերում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին, որր օրինակ էր ծառայում այլ քաղաքային կենտրոնների համար: Հայ ճարտարապետության առաջընթացին ոճական բազմազանություն են հաղորդում նաև առանձին նահանգների (Վասպուրական, Սյունիք, Գուգարք) ճարտարապետական դպրոցները:

Սելջուկ-թուրքերի ներխուժումներին հաջորդած ժամանակաշրջանում հայԳնդեվանք ճարտարապետության վերելքը շարունակվեց և նշանավորվեց նոր նվաճումներով: Հայաստանի կենտրոնական շրջաններում այդ փուլն ընդհատվեց մոնղոլների գլխավոր արշավանքից (1236) հետո, սակայն երկրի առանձին շրջաններում, մասնավորապես Վայոց ձորում, առավել մեծ չափով Կիլիկյան Հայաստանում, ճարտարապետության առաջրնթացը շարունակվեց նաև XIII-XIV դարերում: Բագրատունիների ավանդույթներին հետևեցին Ջաքարե և Իվանե Զաքարյաններն ու նրանց ազգակից իշխանական տոհմերը' Օրբելյանները, Վաչուտյանները, Խաղբակյանները (Պռոշյանները): Եկեղեցաշինական և առհասարակ կառուցողական գործունեությամբ աչքի են ընկնում Կիլիկիայի Ռուբինյան և Հեթումյան թագավորական ընտանիքները:

Իր երկրորդ ծաղկումն է ապրում Անին, որր հարստանում է եկեղեցական ու աշխարհիկ շքեղազարդ շենքերով: Նոր տիպի կառուցվածքներով՝ զանգակատներով, ժամատուն-գավիթներով, կրկնահարկ եկեղեցի-դամբարաններով լրացվեցին ու հարստացան վանական համալիրները: 

                                                                                                      Մարգարյան Հ.

 

Տես նաև՝

Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am