Գրականությունը (XIX դար-XX դարի սկիզբ): XIX դ. սկզբին հայ գրականության մեջ շարունակում էր գերիշխել կլասիցիզմը, որը, լինելով մտավոր և դրական շարժում, արծարծում էր ազգային ու հասարակական խնդիրներ: Կլասիցիզմը հայ գրականությունը հարստացրեց անտիկ և դասական գրականության ոգով գրված եվրոպական գեղարվեստական երկերի թարգմանություններով, ինչպես նաև թողեց ինքնուրույն ճոխ գրականություն: Հայ հեղինակներն իրենց բանաստեղծությունների, վիպերգերի և դրամաների նյութ էին ընտրում ազգային-քաղաքական պատմության աչքի ընկնող դրվագները: Նրանց երկերում ներբողվում էին հայրենասիրությունը, անձնվիրությունը, առաքինությունը, առաջադրվում էր հայրենիքի ազատության գաղափարը: հոգեբանական ապրումները և կենցաղային հարցերը դուրս էին կլասիցիզմի նեկայացուցիչների տեսադաշտից: Հայ կլասիցիզմի գլուխգործոցը Արսեն Բագրատունու «Հայկ դյուցազն» (1858) վիպերգն է, որի նյութը քաղված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»:
Հայ նոր գրականության ստեղծման ասպարեզում առաջին քայլերը կատարելու պատիվը պատկանում է բանաստեղծ Հարություն Ալամդարյանին և գրող, մանկավարժ ու հրապարակախոս Մեսրոպ Թաղիադյանին: Նրանց ստեղծագործությամբ նշանավորվեց անցումը կլասիցիզմից ռոմանտիզմին, սակայն դեռևս անհրաժեշտ էր կատարել վերջին վճռական քայլը: Հայ նոր գրականության հիրավի հիմնադիրը դարձավ մեծ լուսավորիչ, գրող ու մանկավարժ Խաչատուր Աբովյանը (1809-1848): Էջմիաձնի վանքում և Ներսիսյան դպրոցում կրթություն ձեռք բերելուց հետո նա շուրջ հինգ տարի սովորել է Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանում, ստացել բազմակողմանի կրթություն: Իրեն բնորոշ թափով ու կրքոտությամբ նա հեղաշրջում կատարեց գրականության մեջ և իր «Վերք Հայաստանի» վեպի նյութ դարձրեց ժամանակի կյանքը՝ խորապես գիտակցելով ազգային-քաղաքական խնդիրների նշանակությունը: Վեպի հերոսր այլևս հեռավոր ժամանակների դասական դեմք չէր, այլ նոր ժամանակների քաղաքացի ու անհատ՝ օժտված հայրենասիրական բարձր մղումներով, բնածին բարոյականությամբ ու առաքինություններով: «Վերք Հայաստանին» նոր էջ բացեց հայ գրականության պատմության մեջ, այն երևույթ էր նաև Համաշխարհային արձակի բնագավառում: Վեպն իր համանմանությունը չունի ողջ եվրոպական գրականության մեջ ու ազգային գրական հանճարի և ինքնատիպության դասական դրսևորում է:
XIX դ. 50-6Օ-ական թթ. հանդես եկավ հայ գրողների հաջորդ սերունդը, որը վերջնականապես հրաժարվեց գրաբարից և անցյալի հրականության կաշկանդիչ ազդեցությունից: Նրա շարքերում առանձնանում է բանաստեղծ, գրող և քննադատ Միքայել Նալբանդյանը (1829-1866), որի ողջ ստեղծադործությունը համակված է ջերմ հայրենասիրությամբ ու ազատասիրական ոգով: Մտահոգված սեփական ժողովրդի ճակատագրով՝ Նալբանդյանր ձգտում էր հայության ազգային և սոցիալական ազատագրության հարցը լուծել ռուսական հեղափոխական շարժման միջոցով:
Գրական նույն սերնդի աչքի ընկնող ներկայացուցիչներից են Սմբատ Շահազիզը և Մկրտիչ Պեշիկթաշլյանը: Նրանց ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ են գրավում ազատասիրության ու հայրենասիրության թեմաները, իսկ 1862 թ. Զեյթունի ապստամբությունը նոր լիցք հաղորդեց նրանց քնարին: Միևնույն մոտիվները իր դրամատիկական երկերում արծարծում էր հայ քնարերգության մեծատաղանղ դեմքերից մեկը՝ Պետրոս Դուրյանը:
XIX դ. երկրորդ կեսին վերելք են ապրում հայ գրականության բոլոր ժանրերը: Գրական ասպարեզ իջած բանաստեղծներից մեծ ժողովրդականություն է ձեռք բերում Ռափայել Պատկանյանը՝ արտահայտելով հայ ժողովրդի ազատագրական ձգտումները, պայքարի կոչելով նրան: Իր արձակ ու չափածո երկերում նա մշակեց ու քարոզեց ազատագրական պայքարի գաղափարախոսությունը՝ մերժելով կրավորական կեցվածքը և եվրոպական երկրների օգնության հետ կապված սին հույսերը: 1880-ական թթ. նա հայերին զինված պայքարի դիմելու և թուրքական լծից զինված ապստամբության միջոցով ազատագրվելու կոչ էր անում՝ մեկը մյուսի հետևից լույս ընծայելով իր մարտաշունչ բանաստեղծությունները:
Դարավերջին ասպարեզ իջավ բանաստեղծների մի նոր սերունդ՝ նշանավոր քնարերզու Հովհաննես Հովհաննիսյանը, հանճարեղ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը, որոնք հայ գրականությունը հարստացրեցին թարմ թեմաներով ու ժողովրդական մոտիվներով:
Հայ պոեզիայի վերելքը շարունակվեց XX դ. սկզբին, երբ դեռ ստեղծագործում էին նախորդ սերնդի ներկայացուցիչները, միևնույն ժամանակ լիովին դրսևորվում է նշանավոր բանաստեղծներ Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի, Սիամանթոյի և Դանիել Վարուժանի մեծ տաղանդը:
Հայ գրականությունր աննախադեպ բարձունքների է հասնում նաև արձակի ասպարեզում: Պերճ Պռոշյանը հանդես է գալիս հայ գյուղին նվիրված մի շարք վեպերով՝ ցույց տալով գյուղական կյանքի իրական պատկերը: Նա անդրադարձել է նաև ազգային-ազատագրական պայքարի խնդիրներին: Ազգային ոգով է տոգորված նույն ժամանակ գրական ասպարեզ իջած Ղազարոս Աղայանի բազմաժանր ստեղծագործությունը: Նա ևս պատկերել է հայ գյուղի վիճակը, առաջ քաշել հին պատկերացումների և մտածողության դեմ պայքարելու հիմնահարցրը, զգալի գեր խաղացել դրական հայերենի մշակման ու հղկման ասպարեզում: Նշանակալի է եղել նրա ծավալած մանկավարժական ու հասարակական գործունեությունը:
Թուրքական բռնապետության դեմ մղած ազգային-ազատագրական պայքարը հատկապես մեծ ազդեցություն թողեց գրողների այն սերնդի վրա, որը գիտակցաբար ձգտում էր ժողովրդին դաստիարակել ու ոգեշնչել պատմությունից վերցված օրինակներով:
XIX դ. երկրորդ կեսի ամենախոշոր հայ գրողը՝ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), իր ստեղծագործական ուղու սկզբում հանդես էր գալիս որպես լուսավորիչ-դեմոկրատ և առաջ էր քաշում լուսավորական խնդիրներ: 1870-ական թթ. նա սերտորեն կապվեց Թիֆլիսի հայ կյանքի հետ և հրապարակ հանեց առևտրավաշխառուական խավերի բարքերը խարազանող իր երկերը: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայ ազատագրական պայքարի ծավալումը նոր շունչ հաղորդեցին Րաֆֆու ստեղծադործությանը: Մեկը մյուսի ետևից լույս տեսան նրա «Ջալալեդդին», «Կայծեր», «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» ծրագրային-քաղաքական վեպերը: Րաֆֆին այն կարծիքին էր, որ օտարների լուծը թոթափելու միակ ուղին զինված պայքարն է, որը համաժողովրդական բնույթ պետք է կրի: Նա առաջ էր քաշում նոր դպրոցի գաղափարը, որը պետք է դաստիարակեր գաղափարական հերոսների սերունդ, ավելի ուժգին բորբոքեր ազատագրական պայքարի դեռևս չմարած կայծերը: Րաֆֆին Հանդես էր գալիս որպես հայ ազգային-ազատագրական շարժման տեսաբան ու գաղափարախոս, նրա վեպերը XIX դ. հայ ազատագրական շարժման յուրօրինակ տարեգրությունն են: Իր ստեղծագործության վերթին շրջանում Րաֆֆին անցում կատարեց պատմավիպասանությանը: Նա գրեց «Դավիթ Բեկը» և հայ պատմավիպասանության գլուխգործոցներից մեկը՝ «Սամվելը»: Խոր ու համակողմանիորեն ըմբռնելով հայոց պատմության ներքին տրամաբանությունը, հիանալի գիտակցելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտեց հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակ դարձան հայ երիտասարդության բազում սերունդների համար: Նրա ստեղծագործություններով էին դաստիարակվում Արևմտյան Հայաստան մեկնող հայրենասեր երիտասարդները: Րաֆֆին հայկական ռոմանտիզմի ամենանշանավոր դեմքն է, չափազանց մեծ է նրա գաղափարների ազդեցությունը հայ ազգային մտածողության վրա:
Հայ պատմավիպագրության նշանավոր դեմքերից է նաև Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան), որի պատմական վեպերը («Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի») ևս հայ ազատագրական զարթոնքի արձագանքն էին և Րաֆֆու ստեղծագործությունների հետ միասին ձևավորեցին պատմավիպասանության հայկական դպրոցը:
Հայկական ռոմանտիզմի վերջին ականավոր ներկայացուցիչը Մուրացանն էր (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան), որը ևս նախապես հանդես եկավ ժամանակի բուրժուական իրականության անողոք քննադատությամբ, հասարակության ուշադրությունը հրավիրեց հայ գյուղի ծանր վիճակի վրա, ապա իրեն հուզող հրատապ խնդիրների լուծումը փորձեց գտնել հայոց պատմության էջերում; Հայրենասիրական ներշնչանքով են ստեղծված նրա «Ռուզան» դրաման և հայ գրականության խոշոր ձեռքբերումներից մեկը՝ «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը:
XIX դ. վերջերին հայ գրականության մեջ ամրապնդվում են ռեալիստական արձակի դիրքերը: Ռոմանտիզմին փոխարինելու եկած այդ գրական ուղղության խոշորագույն դեմքը Շիրվանզադեն (Ալեքսանդր Մովսիսյան) է, որը համարձակորեն անդրադարձավ սոցիալական հուզող խնդիրներին և իր երկերում պատկերեց ժամանակի հայ հասարակության ճշմարտացի նկարագիրը: Քննադատական ռեալիզմի նվաճում է «Քաոս» վեպը: Նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ դրամատուրգիան, իր ավանդը ներդրեց գրական հայերենի մշակման գործում:
Արևելահայ գրականության խոշոր նորարարներից էր Նար - Դոսը (Միքայել Տեր-Հովհաննիսյան), որի ստեղծագործությունը աչքի է ընկնում սոցիալ-հոգեբանական ուղղվածությամբ: Նրա գրական ժառանգության համար հատկանշականը բուրժուական իրականության քննադատությունն էր, սոցիալական բացասական երևույթների և տիպերի անխնա մերկացումը, կերպարների հոգեբանական նուրբ վերլուծությունը: Բազմաժանր գրող էր Վրթանես Փափազյանը, որբ հայ գրականությունը հարստացրեց գեղարվեստական ակնարկի և զրույցի ժանրերով: Նա իր ճանապարհորդական նոթերում նկարագրել է արևմտահայերի և պարսկահայերի կյանքի տարբեր կողմերը, պատմվածքներում և «Ժայռը» դրամայում ռեալիստորեն պատկերել հայ գյուղի կյանքը՝ իր ներքին խոր շերտավորմամբ ու սուր հակասություններով; XIX դ. վերջերին դրական ասպարեզ իջավ Ավետիս Ահարոնյանը: Նրա գործերում նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը, զգալի է ռոմանտիկ-սենտիմենտալ շունչը: Բազմաժանր գրական ժառանգության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև ռեալիստական գործերը, արևմտահայության կյանքը պատկերող երկերը:
Արևմտահայ իրականության մեջ ռեալիստական արձակի առաջընթացը մեծապես կապված է Արփիար Արփիարյանի անվան հետ: Նա իրականության ճշմարիտ արտացոլման համոզված կողմնակիցներից էր, արևմտահայության ազատագրության ջատագովը: Ժամանակին մեծ ճանաչում էին գտել նրա պատմվածքներր և «Կարմիր ժամուց» վիպակը; Գրողների նոր սերնդի մեջ աոանձնահատուկ տեղ է զբաղեցնում Գրիգոր Զոհրապը: Նա նաև հայտնի հրապարակախոս էր, ճանաչված իրավաբան և հռչակված հռետոր: Իր եռանդուն մասնակցությունն է բերել հայ հասարակական-քաղաքական կյանքին: Զոհրապը հռչակվել է նովելների իր երեք («Խղճմտանքի ձայներ», «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր») ժողովածուներով; Գյուղական կյանքը պատկերող նովելի վարպետներ էին Թլկատինցին և Ռուբեն Զարդարյանը: Արևմտահայ արձակի նշանավոր դեմքերից էին նաև Տիգրան Կամսարականը, Լևոն Բաչալյանը, Երուխանը: Գրական այդ սերունդը բեղմնավոր ստեղծագործական կյանքով էր ապրում XX դ. սկզբին, մինչև 1915 թ. ողբերգությունը:
Հայ գրականությունը խոշոր դեմքեր ունեցավ նաև դրամատուրգիայի և երգիծաբանության ասպարեզում; Գեղարվեստական պատկերների կերտման վարպետությամբ և ներգործության ուժով աչքի են ընկնում Գաբրիել Սունդուկյանի թատերական երկերը («Քանդած օջախ», «էլի մեկ զոհ», «Խաթաբալա», «Պեպո»), որոնք ժամանակի իրականության ուրույն արտացոլումն են: Տալով հայ առևտրական բուրժուազիայի սպանիչ բնութագիրր՝ Սունդուկյանը տպավորիչ ընդհանրացումներ է կատարել, կերտել մի քանի սոցիալական տիպեր (Զիմզիմով, Զամբախով), որոնք հասարակ անվան արժեք են ձեռք բերել: Նա մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի և թատերական արվեստի զարգացման պատմության մեջ:
Լևոն Շանթի (Սեղբոսյան) ստեղծագործությունը հայ գրականության մեջ իր ուրույն և արժանի տեղն ունի: Նրա գրական ժառանգության մեջ առավել աչքի են ընկնում դրամաներր («Հին աստվածներ», «Կայսրը», «Շղթայվածը», «Օշին Պայլ»): Հայ միջնադարյան պատմությունից ընտրված դրվագները, որոնք հիմնականում ընկած են Լևոն Շանթի դրամաների հիմքում, ենթախորք են ծառայել XIX դ. վերջին - XX դ. սկզբին հասարակությանը հուզող խնդիրներ արծարծելու համար: Գրողը սիմվոլիստական արտահայտչամիջոցներով արձագանքում էր արևմտահայության անտանելի դրությանը, բողոքի ձայն բարձրացնում թուրքական բռնապետության դեմ:
XIX դ. երկրորդ կեսի հայ երգիծաբանության ամենախոշոր դեմքը Հակոբ Պարոնյանն է, որը յուրովի էր արձագանքում ժամանակաշրջանի սուր և հրատապ խնդիրներին: Նրա դիպուկ գրիչն անխնա ծաղրի էր ենթարկում «ազգային ջոջերին», Հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական տերությունների երկդիմի քաղաքականությունը, մերկացնում էր թուրքական բռնապետության հետապնդած նպատակները: Հայտնի են նրա «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար», «Ազգային ջոջեր» երկերը: Մեծ երգիծաբանի ավանդույթների արժանի շարունակողը եղավ Երվանդ Օտյանը, որի թողած վիթխարի գրական ժառանգության մեջ աչքի են ընկնում XX դ. սկզբներին ստեղծված քաղաքական երգիծանքի փայլուն նմուշները: Նրա կերտած Փանջունու կերպարը ունեցել է իր մեծաթիվ իրական նախատիպերը և դարձել է բախտախնդիր, անսկզբունք և շահամոլ կուսակցական գործչի խորհրդանիշ:
Մարգարյան Հ.
Տես նաև՝
Խ. Աբովյան, Երկեր, Երևան, 1984:
Ղ. Աղայան, Երկեր, Երևան, 1979:
Մուրացան, Գևորգ Մարզպետունի, Երևան, 1977:
Պ. Դուրյան, Երկեր, Երևան, 1981:
Թլկատինցի, Լ. Բաշալյան, Առանձար, Երկեր, Երևան, 1982:
Հովհ. Թումանյան, Բանաստեղծություններ, հ. 1, Երևան, 1988:
Հովհ. Թումանյան, Բանաստեղծություններ, քառյակներ, պոեմներ, լեգենդներ և լեգենդեր, Երևան, 1986:
Հովհ. Թումանյան, Ընտիր երկեր, հ. 2, Երևան, 1985:
Հովհ. Թումանյան,Պոեմներ, հ. 3, Երևան, 1989:
Հովհ. Թումանյան, Պոեմներ, հ. 4, Երևան, 1991:
Րաֆֆի, Խամսայի մելիքութիւնները, Թիֆլիս, 1882:
Րաֆֆի, Խենթը, Խաչագողի հիշատակարանը, Երևան, 1978:
Մ. Մեծարենց, Երկեր, Երևան, 1986:
Ալ. Շիրվանզադե, Երկեր, գիրք 2, Երևան, 1971:
Ալ. Շիրվանզադե, Պատմվածքներ, Երևան, 1986:
Ռ. Պատկանյան, Երկեր, Երևան, 1980:
Պ. Պռոշյան, Երկեր, Երևան, 1984:
Սիամանթո, Դ. Վարուժան, Երկեր, 1979:
Վ. Տերյան, Բանաստեղծություններ, Երևան, 1985:
Դ. Վարուժան, Ցեղին սիրտը, Երևան, 1991:
Վ. Փափազյան, Երկեր, Երևան, 1987:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am