ՖԵԼԵԿՅԱՆ, դերասանուհի քույրեր:

Վարդիթեր Սիմոնի Ֆելեկյան (1869, Կ. Պոլիս - 1952, Կ. Պոլիս), Մարի-Հրանույշ Սիմոնի Ֆելեկյան (1875, Կ. Պոլիս - 1936, Կ. Պոլիս): Բեմական գործունեությունն սկսել են 1880-ական թթ կեսին Թիֆլիսում, խաղացել են նաև Բաքվի հայկական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով՝ Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թավրիզում, Թեհրանում: 1904-ին Եգիպտոսում կազմակերպել են թատերախումբ, ներկայացումներով հանդես եկել ԱՄՆ-ում (1908): 1910-ից մասնակցել են պոլսահայ թատերական կյանքին, 1919-ին Կ. Պոլսում կազմակերպել Ֆելեկյան թատերախումբը (գործել է մինչև 1922-ը):

Վարդիթեր Ֆելեկյանն աչքի է ընկել դրամատիկ, դերերով՝ Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») ևն: Նրան երբեմն համեմատել են Սիրանույշի հետ: Նկարահանվել է «Վոսփորի գեղուհին կամ Ոճրագործ սերը» (1922) թուրքական ֆիլմում:

Մարի-Հրանույշ Ֆելեկյանն առավելապես աչքի է ընկել կատակերգական դերերով՝ Մադամ Սան Ժեն (Սարդուի և Մորոյի «Մադամ Սան Ժեն»), Ֆրու-Ֆրու (Մեյլակի և Հալևիի «Ֆրու-Ֆրու») ևն, հանդես է եկել նաև տղամարդկանց դերերով: Մարի-Հրանույշ Ֆելեկյանը  դուստրն է դերասանուհի Իրմա Ֆելեկյանի (Թոթո Բաբաջա, 1912, Կ. Պոլիս - 1992. Ստամբուլ): Հիմնականում խաղացել է կատակերգական դերեր Կ. Պոլսի տարբեր թատրոններում: Նկարահանվել է թուրքական կինոնկարներում, հանդես եկել նաև որպես երգչուհի:

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 692:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am